«Գևորգ Պետրոսյանը հին աշխարհում մնացած անձնավորություն է, խորհրդարանը նրա նման պատգամավորների տեղը չէ». Ալեն Սիմոնյան

«Եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս տեղից վեր կենալ և մոտենալ մեկ այլ պատգամավորի, որը ելույթ է ունենում, և հոխորտալ, եթե պատգամավորը նիստերի դահլիճում թույլ է տալիս սեռական բնույթի վիրավորանք հասցնել, իսկ նման բան տեղի է ունեցել, ապա կարծում եմ, որ պարոն Աբովյանը, ԲՀԿ-ն և անձամբ Գագիկ Ծառուկյանը այսօր երեկոյան հավաքվելու և քննարկելու շատ լուրջ բան ունեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ անընդունելի է այն ամենը, ինչ տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում:
«Օգտվելով առիթից՝ ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից նման իրավիճակի համար, որը տեղի ունեցավ, թեպետ «Իմ քայլն» այդ իրավիճակի մասնակից չէր: Կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանը հին աշխարհում մնացած մի անձնավորություն է, որը չի հասկացել և դժվար թե հասկանա, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել: Պնդում եմ, որ խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նրա դիտարկմամբ՝ Գևորգ Պետրոսյանի պահվածքն ակնհայտ քրեական ենթամշակույթի դրսևորում էր:

«Անցնում էի միջանցքով և լրագրողների հետ զրույցում տեսա Գևորգ Պետրոսյանի արձագանքը, խոսքի ձևը, ոճը, ընդհանուր առմամբ կեցվածքը, քայլվածքը՝ սև շորեր հագած: Ապշած եմ տարրական չափանիշերի բացակայության համար»,- հավելեց նա:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ այժմ գործընկերների հետ քննարկում են, թե ինչպես է պետք հարցը լուծել, ավելին՝ Էթիկայի հանձնաժողովից բացի, կլինեն նաև այլ արձագանքներ, որին բոլորն ականատես կլինեն:

Այս թեմայով
am