Ուզբեկստանը որոշել է ԵՏՄ-ում երկրի կարգավիճակը

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեւը հայտարարել է, որ Տաշքենդը մտադիր է առաջիկայում սահմանափակվել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակով, հայտնում է «Կոմերսանտը»:

«Գիտեք, որ քաղաքական տեսանկյունից ոչ մեկը չի տա մեր անկախությունը, դա մեր ձեռքերում է եւ նախագահի ձեռքերում, ում ժողովուրդը վստահել է»,- ասել է Միրզիեւը կազմակերպությունում երկրի կարգավիճակը որոշելու մասին խոսելիս:

Նա հշեցրել է, որ Ուզբեկստանը ԵՏՄ-ի մեջ չի մտնում որպես անդամ պետություն: Ուզբեկստանի նախագահը շեշտել է, որ հիմա ուզբեկական իշխանությունները «որպես դիտորդ» ուսումնասիրում են՝ «արդյոք դա մեզ համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ»:

ԵՏՄ-ին անդամագրվելու Ուզբեկստանի մտադրության մասին հոկտեմբերին հայտնել էր Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նրա խոսքով՝ համապատասխան որոշումն անձամբ ընդունվել էր միջինասիական հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիեւի կողմից:

ԵՏՄ-ն միջազգային տնտեսական միություն է: Միության նպատակն է համակարգված տնտեսական քաղաքականության անցկացումը եւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժման գոտու ստեղծումը: Միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականին եւ ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: ԵՏՄ-ի մեջ են մտնում Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը:

 

Այս թեմայով
am