Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանավեճերը կսկսվեն չորեքշաբթի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանակցությունները Սենատում կսկսվեն չորեքշաբթի, կողմերից յուրաքանչյուրին կտրվի 24 ժամ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար։ Այսպիսի կարգ է առաջարկել Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մակքոնելը հրապարակված բանաձեւի նախագծում, որը վերաբերում է պետության ղեկավարի իմփիչմենթի ընթացակարգի դիտարկմանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթ իմփիչմենթի գործը հանձնել էր Սենատին նախագահի հանդեպ դատավարություն սկսելու համար։ Երդում են տվել Գերագույն դատարանի դատավոր Ջոն Ռոբերտսը, որը նախագահելու է դատավարությունը, եւ սենատորները, որոնք կատարելու են ատենակալների պարտականությունները։ Մեղադրող կողմը ներկայացնելու են յոթ դեմոկրատ կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆի գլխավորությամբ։

Համաձայն բանաձեւի նախագծի, որը, ինչպես սպասվում է, կընդունվի սենատորների ձայների մեծամասնությամբ, կոնգրեսականները պետք է չորեքշաբթի մինչեւ տեղական ժամանակով ժամը 9.00-ն ներկայացնեն բոլոր փաստաթղթերը, իսկ նախագահի կողմը պետք է տա դրանց պատասխանը մինչեւ ժամը 11.00-ն։ Կողմերի բանավեճերը կսկսվեն ժամը 13.00-ին, մեղադրող կողմին, իսկ հետո պաշտպանության կողմին կտրվի Սենատի  երկուական նստաշրջան (մաքուր 24 ժամ)։

Դրանից հետո սենատորները կունենան ընդհանուր առմամբ 16 ժամ, որպեսզի հարցեր տան կողմերին, որոնց իրենց հերթին այնուհետեւ կտան եւս չորս ժամ բանավեճերի համար։

Նախագծում ներկայացված են նաեւ վկաներ կանչելու կամ լրացուցիչ փաստաթղթեր ներգրավելու պայմանները. առաջարկվում է այդ հարցերը լուծել Սենատում քվեարկության միջոցով։ Ելույթից առաջ վկաները պետք է գրավոր ցուցմունքներ տան երդմամբ։

 

Այս թեմայով
am