Բաբաջանյան Արմանը ինչու՞ չէր ասում, որ «թաթիկները կտրելը» բռնության քարոզ է, չունե՞ր այդքան «դուխ». պիտի անպայման Պետրոսյան Գևո՞րգը խոսի, որ Բաբաջանյան Արմանի «աստղը փայլի». Գևորգ Պետրոսյան

ԱԺ պատգամավոր Բաբաջանյան Արմանը ինչու՞ չէր ասում, որ  «թաթիկները կտրելը» բռնության քարոզ է, չունե՞ր այդքան «դուխ», երբ փողոցում ասում էին՝ «գնանք Արցախի նախագահի գլուխը կոտրենք», ինչու՞ Արման Բաբաջանյանն այդ ելույթներին չէր արձագանքում: Պիտի անպայման Պետրոսյան Գևո՞րգը խոսի, որ Բաբաջանյան Արմանի «աստղը փայլի՞»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին:

«Ես այդ պահին բացակայում էի, բայց Արման Բաբաջանյանն ասել է, թե «Բարգավաճ Հայաստանից» ինչ-որ մեկը պետք է գա ներողություն խնդրի: Տղա ջան, ինչ-որ մեկը չէ, դու իմ անուն-ազգանունը չգիտե՞ս: Էդ ինչ խոսելու ձև է: Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե ես հարուցած լինեմ երկրիային կամ երկնային օրենքների զայրույթը, բայց ես որևէ մեկին ոչ վիրավորել եմ, ոչ անպատվել եմ: Ինչու՞ է ինքը մտածել, որ թիրախում ինքն է: Թող ինքը մտածի դրա մասին»:

Հարցին՝ դա հիմք է եղել, որ իր խմբակցության պատգամավորներն իր «թասիբը» պահեն, Պետրոսյանն արձագանքեց. «Թող մեկը փորձի ինձ վիրավորի, նոր իմ ընկերները կպաշտպանեն, բայց այնտեղ այդպիսի տղա չկա, որ կարողանա իմ թասիբը վիրավորել»:

Պատգամավորն ընդգծեց՝ ինքը որևէ մեկին անձնական վիրավորանք չի հասցրել, որովհետև վիրավորանքի համար պետք է լինի հասցեատեր: «Չգիտեմ՝ ինչու՞ որոշ մարդիկ իրենց համարեցին հասցեատեր, դա իրենց կհարցնեք: Ընդամենը հորդորել եմ, որ պայքարը լինի նաև այլ անհրաժեշտ ուղղություններով»,-ասաց նա՝ նշելով, թե Արման Բաբաջանյաննն ինչ-որ ոգևորության փուլ էր ապրում, ինչից էլ սկսվեց միջադեպը:

Հարցին՝ այսինքն՝ իր ելույթը բա՞րձր է գնահատում, Պետրոսյանն արձագանքեց. «Իմ ելույթին թող գնահատական տա ժողովուրդը: Ես ոնց կարող եմ բարձր կամ ցածր գնահատել»:

Պետրոսյնաը նշեց, թե իրենց խմբակցության կողմից սադրանք չի եղել,  իրենք մեղքի բաժին չունեն: «Մեղքը պետք է կապված լինի հակաիրավական վարքագծի հետ: Թող որևէ մեկը ասի, թե որն է եղել մեր հակաիրավական վարքագիծը, մենք կփորձենք մեր մեղքը որոնել: Պատգամավորն ունի խոսքի ազատության իրավունք՝ ոչ միայն որպես քաղաքացի, այլև պատգամավոր, և որևէ մեկն իրավունք չունի պատգամավորին իր խոսքի ազատության համար հետապնդել: Այսինքն՝ էս ի՞նչ երկրում ենք ապրում, խոսքի ազատություն էլ չունե՞նք: Եթե պատգամավորը չունի խոսքի ազատության իրավունք, բա ո՞ր պաշտոնյան ունի»:

Դիտարկմանը, թե իր խմբակցության պատգամավորները դիմեցին բռունցքի ազատությանը, պատգամավորն արձագանքեց. «Այդպիսի բան չի եղել, գնացեք նայեք, եթե Դուք հակված եք այդպիսի բան տեսնել, դա ուրիշ հարց: Քաշքշոց տարբեր զարգացած երկրների բոլոր խորհրդարաններում էլ լինում է: Սա ոչ թե սովորական երևույթ է, այլ չբացառվող երևույթ է: Մենք խաղաղ մեր տեղը նստած էինք, եթե ինչ-որ մեկը կցանկանա շարունակություն փնտրել, թող որոնի»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ նշեց, որ թեև լրագրողները սենսացիա են փնտրում, բայց սենսացիա չի եղել: «Բոլորն էլ մարդ են, լարվեց իրավիճակը, կրկին ասեմ՝ սադրանք է: Չեմ կարող ասել, թե իրավիճակը բանկանոն էր, սակայն ոչ մի ողբերգություն չկա: Պետք չէ ման գալ սենսացիա այնտեղ, որտեղ դա չկա»,-ասաց պատգամավորը՝ Գևորգ Պետրոսյանի ելույթը գնահատելով օբյեկտիվ:

Հիշեցնենք, որ այսօր Արման Բաբաջանյանն անդրադարձավ Գևորգ Պետրոսյանի ելույթին, որը դահլիճում ներկա ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի, լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ։ Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»: Պատգամավորն իր ելույթում նշեց, որ հույս ունի, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար: «ԱԺ նախագահին կոչ եմ անում, որ անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»,-ասաց նա, իսկ դահլիճից ծափեր հնչեցին: Դահլիճից նաև այլ մեկնաբանություններ հնչեցին, որոնց ի պատասխան՝ Արման Բաբաջանյանը նշեց. «… լռեք, երբ ես խոսում եմ»:

 

Այս թեմայով
am