Մամուլի խոսնակը պետք է լինի լրատվամիջոցների հետ կապ պաշտպանողը, սակայն նույնիսկ այս շփումն են նրանք սահմանափակել

Հաճախ քաղաքական գործիչները, կամ երկրի ղեկավարները լրատվամիջոցների կողմից բացասական լույսի տակ են ներկայացվում հենց տվյալ քաղաքական գործչի կամ ղեկավարի մամուլի խոսնակների կամ լրատվության բաժնի ղեկավարների վերաբերմունքի պատճառով:

Բերենք մեկ պարզ օրինակ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և իր կառավարման տարիներին, և այժմ քիչ է շփվում լրատվամիջոցների հետ և գուցե դա էլ է նպաստում, որ նրա կերպարը լրատվամիջոցների կողմից հաճախ բացասական է ներկայացվում: Սերժ Սարգսյանի շուրջը միշտ համախմբված են եղել մի քանի լրատվամիջոցներ, իսկ մնացածին նրանք կոպիտ ասած չեն ընդունել:

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողների հարցերին կրկին չպատասխանեց ՀՀ երրորդ նախագահը: Գուցե լրատվամիջոցների կողմից այդքան էլ «կոռեկտ չէր» այդ պահին նրան մոտենալը, հարցեր տալը, քանզի վերջինս ծանր հոգեվիճակում էր, սակայն հանրությունը սպասում էր, որ նա խոսի: Եվ այս ընթացքում լրատվամիջոցներին կարող էր մոտենալ Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը և բարեհամբույր ձևով կարող էր ասել, որ սա պատեհ առիթ չէ հարցեր տալու համար, սակայն նա տեղից չշարժվեց և կրկին սա բացասական ազդեցություն ունեցավ Սերժ Սարգսյանի վրա: Մերի Հարությունյանը դեռ Անդրանիկ Մարգարյանի մամուլի խոսնակ եղած ժամանակից էր աչքի ընկել իր սառը վերաբերմունքով և արհամարհական կեցվածքով:

Հիշեցնենք, որ Մերի Հարությունյանը 2010 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2018թ. հուլիսի 1-ը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետը: Եվ այս տարիներին էլ անպատասխան են մնացել շատ լրագրողների զանգերը:

Սա կոչ է, որ նման խոսնակներից, նման լրատվական պետերից քաղաքական գործիչները աշխատեն զերծ մնալ, որովհետև ի վերջո հենց նրանք են փչացնում տվյալ գործչի տեսակը: Իրականում Սերժ Սարգսյանը այնքան վատ կերպար չէ, ինչքան որ նրանք են ներկայացնում: Մամուլի խոսնակը պետք է լինի լրատվամիջոցների հետ կապ պաշտպանողը, սակայն նույնիսկ այս շփումն են են նրանք սահմանափակել:

 

 

Այս թեմայով
am