Ինտերպոլի նախկին ղեկավարը կաշառք վերցնելու համար դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման

Տյանցզին քաղաքի միջին ատյանի դատարանն Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյին դատապարտել է 13,5 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Ինտերպոլի նախկին ղեկավար, Չինաստանի հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյը դեռ 2019-ի հունիսի 20-ին դատական նիստի ժամանակ խոստովանել էր, որ ընդհանուր առմամբ 2 միլիոն դոլարի չափով կաշառք է ստացել:

«2020 թվականի հունվարի 21-ին Հասարակական անվտանգության նախարարության կուսակցական կոմիտեի նախկին անդամ, հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Հունվեյը կաշառք վերցնելու համար դատապարտվել է 13 տարի 6 ամիս բանտարկության»,-ասված է դատարանի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, դատարանը նախկին պաշտոնյային տուգանել է 2 միլիոն յուան:

Մեն Հունվեյը չի պատրաստում այն բողոքարկել:

2018 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետացման առնչությամբ: Նա կնոջ հետ ապրում էր Լիոնում, որտեղ գտնվում է Ինտերպոլի գլխավոր գրասենյակը: Նրա մասին ոչ մի տեղեկություն չէր ստացվել 2018 թվականի սեպտեմբերի վերջից, երբ Հունվեյը Ֆրանսիայից մեկնել էր Չինաստան:

Արդյունքում Ինտերպոլը պահանջել էր Չինաստանի իշխանություններից տեղեկություն հաղորդել վերջինիս գտնվելու վայրի մասին, որից հետո Չինաստանի իշխանությունները տեղեկացրել էին, որ Հունվեյին կասկածում են երկրի օրենսդրությունը խախտելու համար:

Այս թեմայով
am