Անասնապահները բացեցին Երևան-Արարատ ճանապարհը և պայմանավորվեցին հարցը քննարկել մարզպետի հետ. հարցի չլուծվելու դեպքում խոստանում են օդանավակայանն էլ փակել

Սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից դժգոհող անասնապահները այսօր փակել էին Երևան-Արարատ ճանապարհը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ քննարկումից հետո կողմերը համաձայնության եկան երեկոյան Արարատի մարզպետարանում քննարկելու խնդիրը:

«Օրենքը ընդունելուց ինչու չքննարկեցին ֆերմերների հետ, կովն ու խոզն իրարից չեն տարբերում, հիմա էլ օրենք են հորինում: Հարցին պետք է լուծում տրվի հօգուտ գյուղացու, ոչ թե Կառավարության»,- նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը:

Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 15-ից ուժի մեջ է մտել Կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ:

Անասնապահների և մսավաճառների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամտից:

Երևան-Արարատ ճանապարհը փակած անասնապահների հետ հանդիպման եկած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն առաջարկեց հարցը տեղափոխել կառուցողական դաշտ: Նա նշեց, որ մարզպետարանում սպասելու է բողոքի ակցիա իրականացնողներին՝ սպանդանոցների հետ կապված հարցերը քննարկելու համար:

«Ավտոների մասով եղավ չէ՞ խնդիր, մարդիկ բարձրաձայնեցին, ժամանակ տրվեց: Կարող է այդպիսի լուծում լինի: Եկեք հասկանանք, կարող է բան է փոխվում: Ժամը 18:30 եկեք հանդիպենք մարզպետարանի դահլիճում: Մենք կներկայացնենք, որ սաբոտաժ, զոռբայություն չի, այստեղ գյուղացի մարդիկ են: Ներկայացնենք, որ ուրիշ խնդիր է: Ժամը 6-ին բոլորիդ սպասում ենք մարզպետարանի դահլիճում»,- ասաց մարզպետը:

Անասնապահները համաձայնեցին Գարիկ Սարգսյանի առաջարկին և բացեցին Երևան-Արարատ ճանապարհը. «Բայց եթե մեր հարցին լուծում չտաք, օդանավակայանն էլ ենք փակելու, սաղ ենք փակելու»:

 

Այս թեմայով
am