Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ  ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի  հասցնելը  մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է  ազատազրկմամբ՝  երեքից ութ  տարի ժամկետով: Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի  նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝  հինգից տասը տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին: Նրա կարծիքով՝ մենք գործ ունենք Զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ և այս հարցերը բարձրացվում են որպես հանրային պահանջ՝ Զինված ուժերում զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործություն կատարողներին ենթարկելու ավելի խիստ պատժի:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 120 կողմ ձայնով:

Այս թեմայով
am