ԱՄՆ-ն աշխատում է Վենեսուելայում իշխանափոխության հասնելու ուղղությամբ. Պոմպեո

Միացյալ Նահանգներն աշխատում է միջազգային հանրության հետ՝  Վենեսուելայում իշխանափոխության հասնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ կոլումբիական Caracol TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:

«Ծրագիրը, որի վրա մենք աշխատում ենք, պետք է հանգեցնի նրան, որ նախագահ Մադուրոն հեռանա, և Վենեսուելայի ժողովուրդը կարողանա ազատ և արդար ընտրություններ անցկացնել: Մենք աշխատում ենք Հարավային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Եվրոպայի երկրների հետ, ամբողջ աշխարհի երկրների հետ` այդ արդյունքին հասնելու համար»,- հայտարարել է պետքարտուղարը:

«Ակնհայտ է, որ դեռ շատ բան կա անելու: Մադուրոն դեռևս իշխանության գլխին է` առաջացնելով համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր հումանիտար ճգնաժամերից մեկը: Սակայն միասին մենք առաջ ենք շարժվում»,- հավելել է պետքարտուղարը:

Ավելի վաղ The Washington Post հրատարակությանը տված հարցազրույցում Մադուրոն հայտարարել էր, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սակայն կնախընտրեր միանգամից խոսել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ կարծում է, որ Պոմպեոն անհաջողություն է ունեցել Վենեսուելայում և Թրամփի փոխարեն պատասխանատվություն է կրում Վենեսուլայի նկատմամբ վարած քաղաքականության համար:

Մադուրոյի երդմնակալության արարողությունից հետո 2019 թվականի հունվարի 21-ին Վենեսուելայում լայնածավալ բողոքի ցույցեր սկսվեցին: Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուաիդոն իրեն պետության ժամանակավոր ղեկավար հռչակեց, այնուհետև ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք արևմտյան երկրներ հայտարարեցին նրա իշխանությունը ճանաչելու մասին: Դրան հաջորդեց Մադուրոյի հայտարարությունը, թե Գուադիոն ԱՄՆ-ի խամաճիկն է: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ իրենց հերթին աջակցեցին Մադուրոյին` որպես երկրի օրինական նախագահի:

2020 թվականի հունվարի 5-ին խորհրդարանի պաշտոնական նիստի ժամանակ խոսնակ ընտրվեց Լուիս Պարրան:

 

Այս թեմայով
am