Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքը կշահագործվի որպես 5-աստղանի հյուրանոց

2019 թվականին Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» (Սանասարյան տուն) շենքի սեփականության իրավունքը փոխանցել պետությանը: Մասնավորապես` այն փոխանցվել էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Այս մասին գրում է dunyabulteni.net կայքը:

Այժմ որոշում է կայացվել, որ հայկական այս շինությունը շահագործվելու է որպես 5-աստղանի հյուրանոց: Շենքի վերակառուցման համար տեղի ունեցած մրցույթում հաղթած կազմակերպությունն իրավունք է ստացել շենքը շահագործել որպես հյուրանոց 35 տարի ժամկետով:

Հայկական այս շենքում են հարցաքննվել և բռնությունների ենթարկվել հանրապետական Թուրքիայի հայտնի ընդդիմադիր գործիչներ` 1960-70-ական թվականների ձախակողմյան շարժման առաջնորդ Դենիզ Գեզմիշը, թուրք գրող և երգիծաբան Ազիզ Նեսինը, թուրանական գործիչ Նիհալ Աթսըզը, կոմունիստ գրող Նազըմ Հիքմեթը, Վեդաթ Թյուրքալըն և այլ գործիչներ:

«Սանասարյան հան» շինությունը կառուցվել է 1881 թվականին ստամբուլում`էրզրումահայ բարերար և վաճառական Մկրտիչ Սանասարյանի կողմից: Շենքի ստեղծման նպատակն է եղել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտներ ապահովել:

Ստեղծումից հետո շենքի կառավարումը փոխանցվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքարանին: 1930-ականների կեսերին հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև` տնտեսական հարցեր քննող դատարան:

2018 թվականին դատարանը որոշում էր կայացրել շենքը վերադարձնել հայ համայնքին: Դատական գործի առաջին փուլում դատարանը մերժել էր համայնքի պահանջը, ինչից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան և շահել դատը: Սակայն Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով դատական որոշումը կրկին բեկանվել էր, և շենքի սեփականության իրավունքը փոխանցվել էր վարչությանը:    

 

Այս թեմայով
am