Պետք է ստեղծարար միտքն ավելի կարևորենք, քան ցանկացած Սահմանադրություն. հանրաքվեի համար այդ 50 հզր ստորագրությունն ի՞նչ թիվ եք վերցրել, 5 մլն վերցրեք, այդպես լավ չէ. Ս. Բագրատյանը՝ պատգամավորներին

Մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք այս նախագիծը քննարկում, հանրաքվե անցկացնելու համար այդ 50 հազար ստորագրությունն ի՞նչ թիվ եք վերցրել, 5 միլիոն վերցրեք, այդպես լավ չէ: Այս մասին ԱԺ նիստում «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա նշեց՝ արդյոք 400 կամ 300 ձայն հավաքած պատգամավորը կարող է նախագիծ ներկայացնել, բայց ժողովուրդը չի կարող: «Այդ 50 հազար թիվը էդ ի՞նչ թիվ եք վերցրել, ժողովուրդ ջան, 5 միլիոն վերցրեք»,- ասաց նա: Դիտարկմանը՝ Սահմանադրությունն է սահմանում այդ թիվը, նա ասաց՝ Սահմանադրությունը կապ չունի, տրամաբանությունն եմ ուզում հասկանալ: Ըստ նրա՝ Սահմանադրությամբ կարող է շատ բան լինի, ավելի կարևոր է տրամաբանությունը:

«Եթե ձեր տրամաբանությունն ընդամենը Սահմանադրությունն է, մենք պետք է գնանք նախորդ ռեժիմ: Ուզում եմ ասել՝ Սահմանադրությունը փոխելու ենք, մոռացեք դրա մասին»,- նշեց Բագրատյանը:

Դիմելով պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ Բագրատյանն ասաց. «Պարո՛ն Բաբաջանյան, եթե նախորդ ռեժիմից լավ առաջարկներ կլինեն, թող լինեն, ինչի՞ եք վախենում, թող 50 հազարանոց ստորագրությամբ չլինի, թող հազար ստորագրությամբ լինի, որտեղից ուզում է լինի, մեզ համար կարևորը պետության զարգացման տեսլականն է: Եթե լավ տրամաբանված առաջարկ կներկայացնեն ԱԺ, մենք պետք է քննարկենք»,- ասաց նա:

Նա հավելեց, որ նպատակը պետք է լինի հզոր պետություն ունենալը. «Հետևաբար ոչ մի Սահմանադրություն մեզ չի կարող արգելել, որ մենք կարողանանք ճիշտ նախագիծ բերել, Սահմանադրություն միշտ կարելի է փոխել, նախ առաջին հերթին մեր ուղեղում փոխենք մեր մտածելակերպը, ոչնչով չսահմանափակենք մեր ստեղծարար միտքը, ոչ մի բան քարացած չէ, դոգմա բան չկա, աշխարհում ամեն ինչ շարժվելու է, մենք պետք է մեր տեսլականի հետևից գնանք, ոչ թե սահմանափակենք մեզ Սահմանադրությամբ: Առաջարկում եմ, որ մենք ստեղծարար միտքն ավելի կարևորենք, քան ցանկացած Սահմանադրություն»,- եզրափակեց նա:

 

Այս թեմայով
am