«Իմ քայլ»-ի պատգամավորներն առաջարկում են՝ հանրաքվեի նախաձեռնող խումբը 50-ի փոխարեն բաղկացած լինի 25 հոգուց, անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները հավաքել 180 օրում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Հերիքնազ Տիգրանյանն առաջարկում են «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարել:

Հիմնական զեկույցով հանդես եկավ Համազասպ Դանիելյանը, ով նշեց, որ նախագծով առաջարկվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար նախաձեռնող խումբը 50-ի փոխարեն բաղկացած լինի 25 հոգուց:

Առաջարկվում է նաև, որ եթե տասնօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում չի կայացնում, նախաձեռնող խումբը համարվում է գրանցված:

Գործով օրենքով սահմանված է, որ ստորագրությունների հավաքումն իրականացվում է նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 45 օրվա ընթացքում, Ազգային ժողովի մերժումից հետո` 60 օրվա ընթացքում, իսկ նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 90 օրվա ընթացքում, իսկ նախատեսվող փոփոխությամբ էլ առաջարկվում է «45 օրվա» և «90 օրվա» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «60 օրվա» և «180 օրվա» բառերով:

«Թերությունների հայտնաբերման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհապաղ տեղեկացնում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին և տրամադրում 10 աշխատանքային օր՝ հայտնաբերված թերությունները վերացնելու համար»,- առաջարկվում է փոփոխությամբ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք պաշտպանում են նախագիծը: «Եթե մենք խոսում ենք ուղիղ ժողովրդավարության մասին, ապա ով է ասել, որ մեկ պատգամավորի ձայնը շատ ավելի կարևոր է, քան ՀՀ 50 հազար քաղաքացու ձայնը և ով է ասել, որ այդ 50 հազար ՀՀ քաղաքացիները, եթե որևէ նախագիծ ուզենան, որ քննարկվի Աժ-ում, չեն կարող գտնել այդ մեկ կամ երկու պատգամավորին, որոնց միջոցով այդ նախագիծը ներկայացնեն»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ իր կարծիքով՝ ճիշտ գործիքներ է հանրաքվեի համար նախատեսված 50 հազար ստորագրությունը հավաքելու համար ժամկետը երկարացնելը  և նախաձեռնող խմբի քանակը նվազեցնելը:

«Մենք այստեղ ենք, որ հանրության ձայնը դարձնենք լսելի, նաև որ այն օրենսդրական նախաձեռնությունները, որ կլինի ՀՀ 50 հազար քաղաքացու կողմից, ներկայացվի խորհրդարան: Այո, կարող են լինել խիստ պոպուլիստական նախագծեր, որոնք հավաքեն ոչ թե 50 հազար, այլ 100 հազար մեր հայրենակիցների ստորագրություններ, իմ կարծիքով՝ օբյեկտիվ չէ այդ մտահոգության դեմ պայքարելը, որովհետև այդ 100 հազար քաղաքացին հաստատ գտնելու են այդ մեկ կամ երկու պատգամավորին, որոնք այդ նախաձեռնությունը միևնույն է ներկայացնելու են խորհրդարանին»,- ասաց նա:

Զոհրաբյանը շեշտեց, որ ի վերջո վերջնական խոսքը լինելու է խորհրդարանինը: «Դրսից կառավարվող ինչ-որ ռիսկեր կարող են լինել, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այդ կարգի նախագծերը, որոնք ներկայացնում են սահմանափակված ոլորտներին՝ անվտանգություն և այլն, դրանք միևնույնն է չեն դրվելու հանրաքվեի»,- ասաց նա:

 

Այս թեմայով
am