Ինդոնեզիայում կամրջի փլուզման հետևանքով 9 մարդ է մահացել, վիրավորվել` 17-ը

Ինդոնեզիայի Սումատրա կղզում կախովի կամրջի փլուզման հետևանքով 9 մարդ է մահացել, վիրավորվել` 17 հոգի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: 

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին Բենկուլու շրջանում` տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով` 12:00-ին):

Հորդառատ անձրևների հետևանքով անսպասելի ջրհեղեղներն են նպաստել կամրջի փլուզմանը:

«Մենք կամրջի փլուզման հետևանքով 9 զոհ ենք հայտնաբերել»,- հայտնել է նահանգի որոնողափրկարարական ծառայության ղեկավար Աբդուլ Մալիկը` հավելելով, որ ևս մի հոգի համարվում է անհետ կորած:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են հարյուրից ավելի փրկարարներ, զինվորներ, ոստիկանության ծառայողներ, տարերային աղետների կանխարգելման ազգային գործակալության աշխատակիցներ և կամավորներ:

Փրկարարներն աշխատել են ռետինե և փչովի նավակներով, սակայն գետի ուժեղ հոսքը դժվարություններ է ստեղծել որոնողական աշխատանքների անցկացման ընթացքում:

Օդերևութաբանները նախազգուշացնում են հունվար և փետրվար ամիսներին երկրի մի քանի շրջաններում հորդառատ անձրևների հավանականության մասին:

 

Այս թեմայով
am