Նեթանյահուն երեք նոր նախարարի է նշանակել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը դեռեւս հունվարին հրաժարական էր ներկայացրել նախարարական բոլոր պաշտոններից, վարչապետի պաշտոնից բացի, հայտարարել է ազատված պաշտոններում նախարարների նշանակման մասին, փոխանցում է Newsru.co.il-ը: 

«Կան Բետ» պետական ռադիոկայանը հայտնում է, որ տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Անեգբին կստանա նաեւ գյուղատնտեսության նախարարի պորտֆելը, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Օֆիր Ակունիսը կդառնա նաեւ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարը, ԱԳ փոխնախարար Ցիպի Խոտովելին կստանա սփյուռքի հետ կապերի եւ Երուսաղեմի հարցերով նախարարի պաշտոնը (նրա նախորդ պաշտոնը կվերացվի):

Ներքին գործերի եւ ծայրամասերի զարգացման նախարարություններում փոխնախարար Մեշուլամ Նախարին նշանակվելու է աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարար (նախորդ երկու պաշտոնները վերացվելու են):

Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 29-ին Յաակով Լիցմանը կրկին նշանակվել էր առողջապահության նախարար: Նեթանյահուն հունվարի 1-ին հայտարարել էր գյուղատնտեսության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության, սփյուռքի եւ Երուսաղեմի հարցերով նախարարների պաշտոններից հեռանալու մասին:

Հունվարի 5-ին հաղորդվել էր, որ Նեթանյահուն որոշել է Իֆատ Շաշա-Բիտոնին սոցիալական ապահովության, Ցիպի Խոտովելիին սփյուռքի եւ Երուսաղեմի հարցերով, իսկ Դավիդ Բիտանին գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին:

Հունվարի 10-ին նշանակումների մասին որոշման հաստատումը հետաձգվել էր Արդարության գերագույն դատարանի քննադատության լույսի ներքո: Դրանից մեկ օր առաջ Նաֆտալի Բենետին պաշտպանության նախարար նշանակելու դեմ հայցով հրապարակված որոշման մեջ ԲԱԳԱՑ-ի դատավորները նշել էին, թե անցումային կառավարությանը «խորհուրդ է տրվում խուսափել իր կազմի փոփոխություններից, եթե նոր նախարարի նշանակումից կախված չէ կառավարության նորմալ գործառնությունը»:

Նույն օրը Դավիդ Բիտանը հայտարարել էր, թե հրաժարվում է գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակումից: «Ցավոք, նշանակումը, որը պետք է կատարվեր 2 տարի առաջ, տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվում էր: Հիմա մենք հայտնվել ենք այն կետում, երբ նշանակումն անիմաստ է, եւ ես պաշտոնից հրաժարվում են»,- ասել էր Բիտանը:

 

Այս թեմայով
am