Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել է մասնակցել Դավոսի տնտեսական համաժողովին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարվել է մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Պլանավորված էր, որ Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը կուղեւորվի Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին,-ասել է նա:-Սակայն, չնայած պաշտոնական հրավերին, նա փոխել է իր ծրագիրը, ուստի այդ ուղեւորությունը չի կայանա»:

Մուսավին չի ճշտել Դավոս մեկնելուց Զարիֆի հրաժարվելու պատճառները:

Հունվարի 21-24-ը Դավոսում տեղի կունենա հոբելյանական՝ թվով 50-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի բիզնես-ծրագիրը ներառում է մոտավորապես 400 նստաշրջան, որոնցում ելույթ կունենան 600-ից ավելի խոսնակներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


 

Այս թեմայով
am