Բեյրութում ոստիկանների և ցուցարարների բախումների հետևանքով տուժել է մոտ 70 մարդ

Կիրակի Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում սկսված ոստիկանների եւ բողոքի ցույցի ակտիվիստների միջեւ բախումների ժամանակ տուժել է առնվազն 70 մարդ, ներառյալ ցուցարարներ եւ իրավակարգի պահապաններ: Այս մասին Al Watania ազգային գործակալությանը հայտնել է Կարմիր խաչի լիբանանյան միության ներկայացուցիչը: Նրա տեղեկություններով՝ ոչ պակաս 30 տուժած տեղափոխվել է հոսպիտալ, մնացյալին օգնություն է ցուցաբերվել տեղում: 

Ավելի վաղ անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական կազմավորումները Բեյրութի կենտրոնում կիրառել էին ջրցան թնդանոթներ, արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ բողոքի շարժման ակտիվիստներին ցրելու համար, որոնք փորձում էին ոստիկանական շարասյան միջով անցնել դեպի Պլյաս Էտուալ հրապարակում գտնվող խորհրդարանական պալատ: Ըստ Naharnet պորտալի տեղեկությունների՝ ռետինե փամփուշտներից վիրավորվել է 4 մարդ, այդ թվում Al Jazeera հեռուստակայանի թղթակիցը եւ Al Jadeed հեռուստաալիքի օպերատորը: Տեղատարափ անձրեւը հիմա ընդհատել է ցուցարարների հարձակումը, որոնք իրավակարգի պահապանների վրա նետում էին քարեր եւ ճայթռուկներ:

Բեյրութում փողոցային անկարգությունների նոր ալիքը սկսվել է հունվարի 14-ին, երբ ցուցարարների առաջնորդները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաների անցնելու մասին՝ իշխող շրջանակների վրա ճնշումը մեծացնելու համար:

Մայրաքաղաքում հունվարի 18-ին տեղի էին ունեցել բախումներ ոստիկանական հատուկ ստորաբաժանումների եւ ցուցարարների միջեւ, որոնց հետեւանքով տուժել էր շուրջ 400 ակտիվիստ եւ 147 ոստիկան: Նախագահ Միշել Աունի պահանջով ոստիկաններին օգնության էին հասել բանակային ստորաբաժանումները եւ իրենց վերահսկողության տակ վերցրել քաղաքի կենտրոնական շրջանները, որ կանխեն հաստատությունների, բանկերի եւ առեւտրային ֆիրմաների ավերումը:

 

Այս թեմայով
am