ԱԺ-ն ընդդիմադիրների 6, այդ թվում՝ ներկրվող մեքենանների ԱԱՀ-ն նվազեցնելու նախագիծը չընդունեց լիագումար նիստերի օրակարգ

Ազգային ժողովն այսօր լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց 6 նախագիծ, որոնք ներկայացվել էին խորհրդարանական ընդդիմության կողմից: Դրանցից էր նաև ԼՀԿ կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ԼՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հայտարարեց, որ  այդ օրինագիծը վերաբերում է ավտոներկրողներին: Վերջինս հիշեցրեց, որ անցած տարի այս ոլորտում աշխուժություն էր տիրում: Նշենք, որ պարբերաբար ավտոներկրողները ցույցեր էին իրականացնում և հիմնական նպատակը ձևավորված երկրորդական շուկան ՀՀ-ում պահպանելն էր:

«Մոտավոր հաշվարկով այս տարվա ՀՀ բյուջե մուտք չի գործելու 55 մլրդ դրամ, և այս օրինագծով փորձում ենք մեղմել այդ մուտքերը: Ամենևին չենք ակնկալում, որ այդ 55 մլրդ-ն ամբողջությամբ մուտք է գործելու, բայց 2/5-ի մասով կարող ենք այդ հարցը լուծել: Մեր առաջարկած մոդելը գործում է եվրոպական երկրներում: Մենք առաջարկում ենք 3-ից 5 տարեկան մեքենաների ներմուծման դեպքում կիրառել 5 տոկոս ԱԱՀ, իսկ 5-ից 10 տարեկանի դեպքում՝ 10 տոկոս»,- ասաց Գուրգեն Բաղդասարյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ իրենց նախագծի չընդունման հիմնավորումներից մեկն էլ  ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ պայմանավորվածությունն է. «Բայց ասեմ, որ Ղազախստանում ԱԱՀ-ն ընդհանրապես 12 տոկոս է՝ ի տարբերություն մյուս երկրների, որ ավելի բարձր է: Կարծում եմ՝ երկրի շահն ամենակարևորն է այս պարագայում»,- ասաց նա:

Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանն էլ պարզաբանեց, թե ինչու է հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել նախագծին. պատճառները մի քանիսն էին:

«Սա հակասում է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, քանի որ սույն նախագծով ստացվում է, որ երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները կարող են ներմուծվել ավելի ցածր ԱԱՀ դրույքաչափով, քան մեր գործընկեր ԵԱՏՄ երկրներից, ինչը հակասում է ՀՀ ստորագրած պարտավորություններին»,- ասաց նա:

Պապոյանը նշեց նաև, որ այս օրենքի նախագիծը հակասության մեջ է գտնվում հարկման միջազգային պրակտիկայի հետ: «Միջազգային պրակտիկայում այդպիսի փորձ չկա, երբ մեքենայի համար սահմանվում է ԱԱՀ-ի ավելի նվազ դրույքաչափ, այն էլ միայն ընտրողական տեսքով: ՀՀ-ում արդեն իսկ տարբեր գնահատականներով բերվել է մինչև 100 հազար ավտոմեքենա, և այն ենթադրությունը կա, որ դրանք դեռևս պետք է արտահանվեն ԵԱՏՄ, և այս օրենքի նախագծի ընդունումն առաջին հերթին կվնասի այդ մարդկանց»,- շեշտեց Պապոյանը:

Բացի այդ, պատգամավորն ընդգծեց, որ եթե այս նախագիծն ընդունեն, հետագայում ցանկացած պատգամավոր, եթե բերի սոցիալական նշանակության այլ ապրանքի ԱԱՀ նվազեցնելու օրենք, իրենք չեն ունենա որևէ հիմնավորում դա մերժելու և պետք է ստիպված ընդունեն, ինչն էլ բերելու է պետական բյուջեի հարկային եկամուտների նվազմանը:

Վարման կարգով ելույթ ունեցավ ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը և շեշտեց, որ ճիշտ չէ, որ նախագիծը հակասում է ԵԱՏՄ պարտավորություններին և տեղեկացրեց, որ ԵԱՏՄ համաձայնագրով ԱԱՀ-ին անդրադարձ չկա: «Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք նախագիծը չի խախտում հավասար պայմանները, այստեղ համաձայն ենք՝ կա անհավասարություն, ուստի առաջարկել ենք հանձնաժողովին, որ այդ արտոնյալ դրույքաչափերը կիրառեն բոլոր երկրներից ներմուծվող ավտոմեքենաների դեպքում: ԱԱՀ-ի տարբեր դրույքաչափերի կիրառումը տվյալ դեպքում միայն երեք տարով է՝ որպես ժամանակավոր միջոցառում, հետևաբար, կառաջարկենք աջակցել այս նախագծին՝ անցավ անցկացնելու համար այն ժամանակահատվածը ավտոներկրողների համար»,- ասաց նա:

Նախագծի լիագումար նիստի օրակարգ ընդունվելուն կողմ քվեարկեց 38 պատգամավոր, դեմ՝ 78: Հարցը չընդգրկվեց օրակարգ:

 

Այս թեմայով
am