Զելենսկուն հրաժարվել են խոսք տրամադրել Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված համաժողովի ժամանակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրաժարվել են խոսք տրամադրել Իսրայելում կայանալիք Հոլոքոստի զոհերի հիշատակին և Աուշվից նացիստական ճամբարի ազատագրման 75-ամյակին նվիրված համաժողովում: Այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է The Times of Israel պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

«Մեզ (Ուկրաինային) չեն հրավիրել ելույթ ունենալու: Բայց ամեն դեպքում ես ներկա կլինեմ այդ միջոցառմանը»,-ասել է Զելենսկին:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ տվյալ իրավիճակում, երբ Հոլոքոստի ժամանակ զոհված ամեն չորրորդ հրեա եղել է Ուկրաինայից, արդար կլիներ, որ ինքն էլ խոսքով հանդես գար:

Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարարությունը դատապարտել էր Ուկրաինայում հրեաների սպանության պատասխանատուների փառաբանումը և ընդգծել, որ Հոլոքոստի հիշատակը չի կարող լինել միայն իրենց երկրի ներքին հարցը:

Ի պատասխան դրա, Ուկրաինայի արտգործնախարարությունը նշել էր, որ պաշտոնական Կիևը դատապարտում է անհանդուրժողականության և հակասեմականության ցանկացած դրսևորում, իսկ Հոլոքոստի ողբերգության պատմական հիշողության պահպանումը մնալու է Ուկրաինայի քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:

Հոլոքոստի հիշատակմանը նվիրված միջազգային համաժողովը տեղի կունենա հունվարի 22-23-ը, Իսրայելում գտնվող «Յադ Վաշեմ» հուշահամալիրում:

Միջոցառմանը մասնակցությունից ավելի վաղ հրաժարվել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որին  կազմակերպիչները նույնպես խոսք չէին հատկացրել: Մի շարք ԶԼՄ-ներ վստահեցնում են, որ Դուդայի այցի չեղարկման հիմնական պատճառներից մեկը միջոցառմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունն է, որն այնտեղ պետք է դառնա գլխավոր հյուրը:  

 

Այս թեմայով
am