Պոլսո պատրիարքարանը պարզաբանել է Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցը

2020 թվականի հունվարի 2-ին թուրքական «Akşam» թերթը հրապարակել էր Պոլսո նորընտիր Սահակ Բ պատրաիրքի հետ արված մի հարցազրույց, որտեղ արտահայտված մտքերը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում բուռն քննարկման առիթ էին դարձել և նորընտիր պատիարքը հայտնվել էր քննադատությունների թիրախում։

Եվ ահա Պոլսո պատրարքության դիվանը հայտարարությամբ է հանդես եկել լուսաբանելու համար հարցազրույցի ընթացքում Տ. Սահակ Բ պատրիարքի հնչեցրած մտքերը։ Պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է, որ հարցազրույցը տևել է մոտ քառասուն րոպե և բազմաթիվ մանրամասնություններ և բացատրություններ տեղ չեն գտել հրապարակման մեջ։ Խմբագիրը իր հայեցողությամբ է հարցազրույցի ոճը ընտրել։ Հարցերի և պատասխանների ամբողջական հերթականությունը չպահպանելու արդյունքում էլ առաջ են եկել որոշ թյուրըմբռնումներ և շատ դեպքերում բարձրաձայնված գաղափարներն ու մտքերը իմաստազրկվել են։

Օրինակ՝ հայկական սփյուռքի և թուրքահայության հարաբերությունների մասին հարցմանն ի պատասխան նորընտիր պատրարքը ասել է. «Թուրքիայի հայերը, ի տարբերություն սփյուռքի և Հայաստանի հայերի, երրորդ մի հատված են կազմում։ Վարչական և տնտեսական տեսակետից հայկական սփյուռքը մեզ հետ կապ չունի. Մենք ինքնաբավ ենք»։

1915թ. Հայոց ցեղասպանության համատեքստում հարցերին տրված պատասխանների առնչությամբ պատրիարքության դիվանի պարզաբանման մեջ արտահայտվում է այն միտքը, որ սա գերզգայուն հարց է, որի պատասխանը պետք է հավասարակշռված և ներդաշնակ լինի և մարդիկ ոչ թե պետք է ակնկալեն լսել իրեն ուզածը, այլ այն ինչ կարող են ասել այդ պայմաններում Պոլսո պատրիարքները։

Սահակ Բ պատրիարքը շեշտել է նաև այն հանգամանքը, որ 100 տարի առաջ տեղի ունեցած մեծ ողբերգություններից հետո այս հողերից հեռացած մարդիկ իրենց ինքնությունը պահպանելու համար կառուցել են ցեղասպանության գիտակցությունը, իսկ Թուրքիայում մնացած հայերը շարունակել են ապրել թուրքերի հետ և միասին ապրելու փորձառություն են ձեռք բերել։ Այս առումով Սահակ Բ պատրիարքի գնահատմամբ թուրքահայերը յուրահատուկ հայեր են աշխարհի մեջ։

 

Այս թեմայով
am