Թբիլիսիում դեմ չեն Վլադիկավկազից Վրաստան թռիչքների իրականացմանը

Հյուսիսային Օսիայի արդյունաբերության և տրանսպորտի հարցերով նախարար Խայդարբեկ Բուտովը նախօրեին հանդես էր եկել Վլադիկավկազի և Թբիլիսիի միջև ավիահաղորդակցության իրականացման նախաձեռնությամբ:

Նրա խոսքերով ՝ այս ուղղությամբ նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ ավիափոխադրման գործարկման նախաձեռնությանն ավելի վաղ  քննարկել ու աջակցել են օդանավակայանների, տուրօպերատորների, Հյուսիսային Օսիայի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները: Նա վստահ է, որ օդային  հաղորդակցության վերականգնումը թույլ կտա թեթևացնել Վերին Լարսի հսկիչ-անցակետի ծանրաբեռնվածությունը, որը հաճախ փակվում է ձմռանը եղանակային վատ պայմանների պատճառով:

Վլադիկավկազի և Թբիլիսիի միջև թռիչքների բացումը դրական երևույթ է, սակայն դրա համար անհրաժեշտ է նախ ամբողջապես վերականգնել թռիչքները Ռուսաստանից։ Դրանք արգելված են 2018թ հուլիսի 8-ից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայան:

«Եթե թռիչքները վերականգնվեն, իհարկե, դա կարող է դրական երևույթ համարվել, քանի որ այն շատ քաղաքացիների տեղաշարժման հնարավորություն կտա: Սակայն նման որոշում պետք է կայացնի Ռուսաստանի Դաշնությունը, ոչ թե Վլադիկավկազը: Եթե թռիչքները վերականգնվեն, ապա համապատասխան ավիաընկերությունները կորոշեն, թե որ քաղաքներից իրականացնեն թռիչքները», – ասել էր Բերայան:

Հայտարարությանը դրական են արձագանքել նաև ընդդիմադիր պատգամավորները: Նրանց  կարծիքով՝ տարբերություն  չկա, թե  Վրաստանի ուղղությամբ որ քաղաքից թռիչքներ կիրականացնեն ռուսական ավիաուղիների ինքնաթիռները: «Կարևորը , որ այն կարող է ծառայել զբոսաշրջության զարգացմանը»,- կարծիք են հայտնել օրենսդիրները:

Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն՝  հուլիսի 8-ից ռուսաստանյան ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվել է Վրաստան ավիափոխադրումներ իրականացնել: Նույն օրվանից ուժի մեջ է մտել Ռուսաստանի տրանսպորտի նախարարության որոշումը՝ դեպի Ռուսաստան վրացական ավիաընկերությունների չվերթների դադարեցման վերաբերյալ: Որոշումը պայմանավորված էր Վրաստանում հուլիսի 20-ից խորհրդարանի շենքի առջև պարբերաբար ծավալված բողոքի ակցիաներով՝ կապված Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի և Ռուսաստանի այլ պատվիրակների մասնակցության հետ։ Վեհաժողովը կազմակերպվել էր  վրացական խորհրդարանի պատերի ներսում։

 

Այս թեմայով
am