Լոռու մարզպետը խուսափո՞ւմ է հանդիպումից

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ ջերմաէլեկտրակայանի աշխատակիցները կրկին ցույցի էին դուրս եկել եւ կրկին 2011-2012 թվականների չստացված աշխատավարձերի պատճառով: Աշխատակիցները բազմիցս դիմել են մարզային իշխանություններին, պատգամավորներին եւ վարչապետին: Այս անգամ քիմպրոմցիները միաձայն շեշտում են. «Հարցին լուծում կարող է տալ միայն նախագահը»: Նշենք, որ «Վանաձոր-Քիմպրոմ»-ը սնանկ է ճանաչվել 2016-ին: Որոշում է կայացվել գույքը վաճառել եւ մարել կուտակված աշխատավարձի պարտքերը, սակայն այդ ցուցակում աշխատավարձի պարտքը ամենեւին էլ առաջնային չէ: Ընդհանուր թվով 150 աշխատակիցների շուրջ 130 մլն դրամ է պարտք: Վերջերս քիմպրոմցիները փակել էին գործարանի դռները՝ թույլ չտալով բեռնատար մեքենաների մուտքը գործարան: «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ ջերմաէլեկտրակայանի աշխատակիցները փորձեցին կրկին հանդիպել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, նրանց դիմավորեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը. «Մարզպետը հիմա տեղում չի, գործուղման է: Մի քանի օր հետո եկե՛ք: Կգա, դուք էլ եկե՛ք, բայց սենց խմբով չէ: Ձեզնից մի երեք-չորս մարդ ընտրե՛ք, թող իրենք գան, նստե՛ք, նորմալ խոսե՛ք: Մարզպետը ձեզ միշտ ընդառաջել է»,- նշել է իր խոսքում տեղակալը: Աշխատակիցները հակադարձեցին. «Դիտավորյալ են էսպես անում, մեր ցուցակից 10 հոգի արդեն մահացել է: Ուզում են ձգձգեն, որ մենք էլ մեռնենք: Գոնե մեզ մարդատեղ դնեն: Էնա, մեզ տվել, սպանել են՝ թողնելով առանց օրվա հացի: Իրանցը պետք է լինի, որ տեղն իմանան: Մեկ է, ինչքան էլ պետք լինի, պայքարելու ենք, հարկ լինի, անգամ ուժ կկիրառենք, մենք կորցնելու բան չունենք»: Ցուցարարները որոշեցին հաջորդ ուրբաթ նույն թիմով կրկին այցելել մարզպետարան՝ այս անգամ մարզպետին հանդիպելու եւ անելանելի վիճակի ելքը գտնելու ակնկալիքով: Մարիամ Գալոյան Վանաձոր 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/729528/ 
 

Այս թեմայով
am