Լիբանանում վերսկսվել են բողոքի ցույցերը

Լիբանանում վերսկսվել են բողոքի ցույցերը։ Ինչպես տեղեկացնում է AFP-ը, ցուցարարները նորից սկսել են շրջափակել հիմնական ավտոմայրուղիները։ Նրանք հայտարարել են «ցասման շաբաթն» սկսելու մասին՝ պահանջելով վերջ դնել եռամսյա քաղաքական վակուումին։

Բողոքի ցույցերը Լիբանանում անցած տարվա հոկտեմբերից հանգեցրել են կառավարության հրաժարականին, բայց նոր կառավարություն դեռեւս չի ձեւավորվել, քանի որ քաղաքական կուսակցությունները չեն կարողանում հասնել համաձայնության դրա կազմի վերաբերյալ։ Ճգնաժամի խորացման եւ կյանքի թանկացման ֆոնին ցուցարարները վերադառնում են փողոցներ, որպեսզի քաղաքական գործիչներին հորդորեն արագացնել գործընթացը։

Տասնյակ ցուցարարներ փակել են Բեյրութի կարեւոր ավտոմայրուղիները։

Շատ լիբանանցիներ կորցրել են իրենց աշխատանքը կամ կրկնակի կրճատվել է նրանց աշխատավարձը վերջին ամիսներին։ Չնայած դրան՝ բանկերը սահմանափակում են միջոցներ տրամադրելը, լիբանանյան ֆունտի արժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընկել է մոտ 40 տոկոսով։

Բեյրութից բացի ցույցեր են տեղի ունեցել նաեւ նահանգներում, այդ թվում մեծությամբ երկրորդ՝ Տրիպոլի քաղաքում եւ հարավարեւելյան Խասբայա քաղաքում։

Դեկտեմբերին նոր վարչապետին հանձնարարվեց ձեւավորել կառավարություն, բայց մրցակցող քաղաքական կուսակցությունները չկարողացան համաձայնեցնել տարբեր նախարարությունների անվանումները։ 

 

Այս թեմայով
am