Պուչդեմոնը չի բացառել, որ փետրվարին կարող է այցելել Իսպանիա

Կատալոնական կառավարության նախկին ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Կառլոս Պուչդեմոնը, որի նկատմամբ Իսպանիայի գերագույն դատարանը հետախուզում էր հայտարարել ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով, չի բացառել, որ փետրվարին կարող է այցելել Իսպանիա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով կատալոնական RAC1 ռադիոկայանին:

«Ես կուզենայի վերադառնալ Կատալոնիա` այցելելու համար քաղբանտարկյալներին (Պուչդեմոնը քաղբանտարկյալ է համարում կատալոնացի այն քաղաքական գործիչներին, որոնք բանտարկվել են 2017 թվականին Կատալոնիայի անկախության հարցով չարտոնված հանրաքվե անցկացնելու համար): Ես գիտեմ, որ փետրվարի 23-ին և 24-ին եվրախորհրդարանականների պատվիրակությունն այցելելու է բանտեր: Չեմ բացառում: Ես պետք է նման հնարավորություն ունենամ»,-ասել է Պուչդեմոնը ռադիոկայանին տված հարցազրույցում:

Հարցազրույցի ժամանակ նա նաև վստահեցրել է, որ չի պատրաստվում կրկին հավակնել Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնին:

Միևնույն ժամանակ, կառավարության նախկին ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ կուսակցությունների միջև տարաձայնություններ կան անկախության հարցում: Մասնավորապես, նա նշել է Կատալոնիայի ձախ հանրապետականների և իր ղեկավարած «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունների միջև տարաձայնությունների մասին: Պուչդեմոնը նշել է, որ ինքը միշտ կողմնակից է եղել միասնական ցուցակներով հանդես գալուն, և նշել է, որ դա միակ միջոցն է «դիմակայելու հզոր մրցակցին»:

Հունվարի 13-ին Պուչդեմոնը, որը Եվրախորհրդարանի պատգամավոր է ընտրվել մայիսին, առաջին անգամ մասնակցել է Եվրախորհրդարանի նիստին: Նա հուսով է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորի անձեռնմխելիությունը կպաշտպանի իրեն Իսպանիայում ձերբակալությունից, որտեղ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:  

 

Այս թեմայով
am