Հատուկ դատարան կստեղծվի` բացահայտելու Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման պատճառը. Ռոհանի

Իրանի իշխանությունները հատուկ դատարան կստեղծեն՝  հետաքննելու Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցումը: Այս մասին հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr գործակալությունը:

«Դատական ճյուղը պետք է բարձրաստիճան դատավորի և տասնյակ փորձագետների ղեկավարությամբ հատուկ դատարան ստեղծի, որպեսզի այն հետաքննի ինքնաթիռի հետ կապված միջադեպը»,- ասել է Ռոհանին:

Իրանի նախագահը հավելել է, որ աղետի «արտասովոր» պատճառն իմանալու պահից ի վեր նա գործադրել է բոլոր ջանքերը հետաքննությունը չհետաձգելու և մարդկանց համար վթարի իրական պատճառները բացահայտելու համար

Ըստ Ռոհանիի ՝ պատահականորեն խոցված ինքնաթիռի գործը սովորական գործ չէ, ըստ նրա` այժմ «ամբողջ աշխարհը» հետևում է Իրանին:

Irna գործակալությունն, իր հերթին, հայտնում է, որ Ռոհանին նշել է, որ ուղևորատար ինքնաթիռի խոցման համար «մի քանի հոգի է պատասխանատու»:

«Բոլորն էլ գիտեն, որ ողբերգության հիմքում սխալն է եղել, սակայն ի՞նչ պայմաններում է այն թույլ տրվել»,- ընդգծել է Ռոհանին:

Նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն նշել է, որ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար ոչ միայն ցածր օղակի իրանցի զինվորականները, այլ նաև նրանց ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի: Ըստ նրա` քննիչները պետք է պարզեն, թե ով է հրամանը տվել, և ով է սեղմել կոճակը:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:

 

Այս թեմայով
am