ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Դավիթ Տոնոյանի հետ քննարկել է ՊՆ-ում իրականացվող փոփոխությունները, ապագա բարեփոխումների օրակարգը. Էդմոն Մարուքյան

Այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ քննարկել ենք ՊՆ-ում իրականացվող փոփոխությունները, ապագա բարեփոխումների օրակարգը, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների հետ կապված բազմաթիվ հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հանդիպումը տևել է մոտ 3 ժամ 10 րոպե:

Մարուքյանի խոսքով՝ ինչ-որ հրատապ բան չկա, ամեն ինչ իր հունով գնում է, ամեն ինչ իր ընթացքի մեջ է:

«Որևէ հրատապ, անհանգստացնող բան չկա, եթե լինի, դրանով զբաղվող կառույցներ կան: Բոլորիս գործն այն է, որ այնպես անենք, որ ավելի ուժեղ լինենք: Բոլորս պետք է մի մարդու պես կենտրոնացած լինենք մեր երկիրը հզորացնելու գործի վրա, տնտեսությունից սկսած, որի վրա հենված կլինի ուժեղ բանակ. սա է մեր տեսլականը»,-նշեց նա:

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարի խոսքով՝ քանի որ տարին նոր է սկսվել, խմբակցությունը բազմաթիվ հարցեր ունի, որ ցանկանում է գերատեսչությունների անմիջական ղեկավարների հետ ճշտել, հասկանալ, իր մոտեցումները ներկայացնել, լսել նրանց մոտեցումները, ինչն էլ, ըստ Մարուքյանի, ազդելու է օրենսդրական գործունեության վրա:

 

Այս թեմայով
am