‹‹Բա եթե այդպիսի բան է եղել, ինչու մինչև հիմա Վանեցյանին չեն պատժել, ինչի՞ են հետին թվով հիշել››. Գևորգ Պետրոսյան

Ես ընդհանրապես կողմ չեմ, որ քաղաքական գործընթացներին միջամտեն ընտանիքի անդամները. եթե դիմացինդ անչափահաս է կամ երեխա է, կամ քո գործընկերոջ աղջիկն է կամ տղան է, դու մի տեսակ կաշկանդված ես լինում այն ամենն ասել, ինչ կարող ես ասել: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյան-Մարիամ Փաշինյան հրապարակային բանավեճին:

«Ես իմ ընտանիքում այդ կարգը դրել եմ, որ իմ ընտանիքի որեւէ անդամ իրավունք չունի հանդես գալ որեւէ քաղաքական գործի վերաբերյալ: Այլ բան, եթե նա լինի քաղաքական գործիչ, քաղաքական պաշտոնյա: Իհարկե, հիմա ինձ կարող եմ հակադրվել, ասել՝ բա կարծիք արտահայտելու ազատությունը: Բայց էդ իրավունքից նույնպես խորհուրդ կտայի երեխաներին բարեխղճորեն օգտվել:

Իմ բոլոր քաղաքական գործընկերներին կհորդորեմ, որ իրենց ընտանիքներում ապահովեն քաղաքական զսպվածություն եւ եթե կարծիք էլ են արտահայտում, այդ կարծիքը չպարունակի այլ անձի բարի անունը, համբավը արատավորող տարրեր»,-ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ շատ բարձր կարծիք ունի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ. «Ես անձամբ Վանեցյանի հետ մտերիմ չեմ, շատ չեմ շփվել, մեկ անգամ եմ հանդիպել, բայց ես իր անձի մասին շատ բարձր կարծիքի եմ: Չգիտեմ՝ ինչ հակասություն կա իրենց մեջ, բայց իմ գնահատականը վանեցյանի գործի նկտմամբ այն է եղել, որ ինքը բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները»:

Դիտարկմանը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել է, որ Վանեցյանը իշխանափոխություն է նախաձեռնած եղել, Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Բա եթե այդպիսի բան է եղել, ինչու մինչեւ հիմա իրեն չեն պատժել, ինչի՞ են հետին թվով հիշել: Ասենք, 2-3 ամիս պետք է անցներ, նո՞ր հիշեին, որ Վանեցյանն իշխանափոխություն է ծրագրել: Եկեք, ես իրենց մասնավոր հարցերին չխառնվեմ»:

 

Այս թեմայով
am