Իրանում լրագրողները ներողություն են խնդրել «13 տարվա ստի» համար և հեռացել աշխատանքից. Լրատվամիջոցներ

Իրանի պետական լրատվական ծառայության 2 լրագրող հեռացել է աշխատանքից և ներողություն խնդրել «13 տարվա ստի» համար: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը:

Լրագրողներից Գելար Ջաբարին իր Instagram-ի էջում ներողություն էր խնդրել, սակայն գրառումը հետագայում ջնջվել էր:

«Ինձ համար շատ դժվար էր հավատալ, որ մեր մարդիկ սպանվել են... Ներեցեք ինձ այն 13 տարվա համար, որի ընթացքում ես ստել եմ»,- գրել է լրագրողը` նկատի ունենալով Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը:

Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաև մի քանի հեռուստահաղորդավարներ:

Մի լրագրող կին էլ, որն աշխատել է հեռուստատեսությունում ավելի քան 21 տարի, հայտարարել է, որ որոշել է հեռանալ և այլևս երբեք չաշխատել ԶԼՄ-ներում:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:

 

Այս թեմայով
am