Ադրբեջանցի օպերային երգիչը հերքել է հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ էթնիկ պատկանելիության պատճառով հանդես չգալու տեղեկությունները

Հայտնի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, հերքել է նախօրեին տարածված տեղեկություններն առ այն, թե ինքը հրաժարվել է հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ հանդես գալ Դրեզդենի պետական օպերայում` էթնիկ պատկանելիության պատճառով:

«Սիրելի ընկերներ, ես ադրբեջանցի եմ, և ես իմ հստակ տեսլականն ու կածիքն ունեմ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց իմ քաղաքական հայացքները երբեք չեն անդրադառնում իմ մասնագիտության ու իմ գործընկերների վրա: Խոսքերիս վառ ապացույցն է այն, որ ես Մեծ թատրոնում բազմիցս բեմ եմ դուրս եկել Մարիա Գուլեգինայի և Գևորգ Հակոբյանի հետ»,- Instagram-ում գրել է օպերային երգիչը:

Նա նաև հրապարակել է Դրեզդենի Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոախիմ Ֆրեյի հայտարարությունը, որում նշվում է, որ Դրեզդենի օպերան պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի հետ 2020 թվականի փետրվարի 7-ին Դրեզդենի պետական օպերայում ելույթի համար:

Ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով» հրաժարվել է   ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետԱյս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

«Ու՞ր ենք հասել... ազգությամբ ադրբեջանցի, սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ երգիչ Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,- նշել էր Հասմիկ Պապյանը:

 

Այս թեմայով
am