Forbes ամսագրի ռուսական ծառայությունը վերսկսում է Forbes Woman-ի տպագիր տարբերակի թողարկումը

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի ռուսական ծառայությունը վերսկսում է Forbes Woman հրատարակության տպագիր տարբերակի թողարկումը, առաջին համարը լույս կտեսնի մարտ ամսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով հրատարակության մամուլի ծառայության հայտարարաությանը:

«2020 թվականին Forbes-ը վերսկսում է կանանց բիզնեսի վերաբերյալ ամսագրի տպագիր տարբերակի թողարկումը. մարտ ամսվա առաջին համարը նվիրված կլինի Ռուսաստանում Forbes Woman-ի 10-ամյակին»,- նշվում է զեկույցում:

Forbes-ի տեղեկությունների համաձայն` նոր համարում կհրապարակվի «20 ռուսական լավագույն ընկերությունները կանանց կարիերայի համար» նոր վարկանիշը:

Հրատարակությունից հայտնում են, որ լրագրողները զրուցել են նաև Forbes Woman-ի առանցքային հերոսուհիների հետ այն մասին, թե ինչ պետք է փոխվի ռուսական բիզնեսում` կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքներ ու հնարավորություններ ապահովելու համար:

Forbes Russia-ի սեփականատեր Մագոմեդ Մուսաևը Forbes Woman-ի տպագիր տարբերակի վերադարձը կապել է Ռուսաստանում գենդերային թեմայի աճող կարևորության հետ:

Forbes Woman ամսագիրը, ըստ մամուլի ծառայության, թողարկվում է 2009 թվականից: Արդեն երկու տարի է` ամսագիրը գործում է առցանց տարբերակով: 2019-ի աշնանը հրատարակությունը նշել է իր 10-ամյակը:

 

Այս թեմայով
am