Ծայրահեղականները Սիրիայից գնում են Լիբիա, որպեսզի այնտեղ էլ «ջուրը պղտորեն». Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայից, այդ թվում նաև Իդլիբից ծայրահեղականները մեկնում են Լիբիա, որպեսզի այնտեղ նույնպես «ջուրը պղտորեն»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքի մոտ 90%-ը վերահսկվում է օրինական կառավարության կողմից: Մնացել են նաև ահաբեկչական օջախներ, առաջին հերթին դա Իդլիբն է, որտեղ ծայրահեղականներն աստիճանաբար կորցնում են իրենց ազդեցությունը: Բայց, ցավոք, խոսելով Սիրիայի և Լիբիայի կապի մասին, նրանք մեծ մասամբ տեղափոխվում են Լիբիա, որպեսզի շարունակեն «ջուրը պղտորել» նաև այդ երկրում»,-հայտարարել է ՌԴ արտգործնախարարը Շրի Լանկայի իր գործընկեր Դինեշ Գունադեվարդենի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ արտգործնախարարն աշխատանքային այցով Շրի Լանկա է մեկնել հունվարի 14-ին: Այստեղից նա աշխատանքային այցով մեկնելու է Հնդկաստան և Ուզբեկստան:

2017 թվականի մայիսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև կայացած բանակցությունների արդյունքում Սիրիայում ստեղծվել է 4 էսկալացիոն գոտի: Այդ գոտիներից 3-ը 2018 թվականին անցել են Դամասկոսի իշխանության տակ: Չորրորդ գոտին, որը գտնվում է Իդլիբում և մասամբ դրան հարևան նահանգներում` Լաթաքիայում, Համայում և Հալեպում, շարունակում է չենթարկվել երկրի կառավարությանը:

 

Այս թեմայով
am