Հայաստանին ոչ ծննդատներ, ոչ Ջերմուկ, ոչ էլ հայերեն է պետք

Ծննդատների համատարած փակումը ոչ միայն ցինիզմ է, այլ պետության հիմքերի դեմ ուղղված հարված: Բացատրությունը, թե հղիները կարող են ծննդաբերել այլ քաղաքներում կամ ծննդատներում որեւէ քննադատության չի դիմանում:

Միեւնույն ժամանակ ծննդատների փակումը չի կարելի դիտարկել որպես առանձին վերցրած խնդիր: Ամուլսարի շահագործման համառ ձգտումը եւ Ջերմուկ առողջարանային քաղաքի վերացումն ու այն բանավանի վերածելը, Հայ եկեղեցու պատմությունը դպրոցներից, իսկ հայերենն ու հայոց պատմությունը համալսարաններից հանելու ծրագիրն ու ծննդատներ փակելը գտնվում են նույն հարթության մեջ եւ նույն խնդիրն են լուծում՝ Հայաստանը վերածել աղքատների եւ հետամնաց մարդկանց թույլիկ եւ ապագա չունեցող տարածքի:

Ցանկացած վատ քայլ, որպես կանոն փաթեթավորում են գեղեցիկ տուփի մեջ, մարդկանց համոզում, որ այդ որոշումը հենց իրենց համար է:

Բնականաբար ջերմուկցիներին չեն ասելու, թե մեր նպատակը առողջարանի եւ հանքային ջրերի ակունքների ոչնչացումն է: Ընդհակառակը, ասում են, սա ձեզ համար է, որ ձեր կենսամակարդակը բարձրանա: 

Ծնողներին ասում են, թե չենք ցանկանում, որ երեխաները դպրոցում ծանրաբեռնվեն եւ հանում ենք «անպետք» Հայ եկեղեցու պատմություն առարկան: Ուսանողներին ոգեւորում են, պնդելով, թե իրենք լավ մասնագետ դառնալու համար չպետք է ժամանակ վատնեն հայերենի, գրականության եւ հայոց պատմության վրա: Հղիներին ու նրանց հարազատներին էլ ասում են, թե բա երեխան ինչու չծնվի Երեւանի, Վանաձորի կամ Գյումրիի մեծ եւ շքեղ ծննդատներում:

Բնականաբար գտնվում են մարդիկ, որոնք ոգեւորվում են, որովհետեւ վաղուց արդեն ապացուցված է, որ մարդկանց մի մասին հետաքրքրում է, ոչ թե ապրանքը, այլ նրա փայլուն եւ գեղեցիկ փաթեթավորումը:

Եւ հիմա, օգտվելով հետհեղափոխական հուզական վիճակից, ատելության մթնոլորտի խտացումից փորձում են գլուխ բերել այն, ինչը անգամ մեր ամենաոխերիմ թշնամիները չէին անի՝ վախենալով ժողովրդի արձագանքից:

Մնում է, որ ժողովուրդը հասկանա, թե ինչ է կատարվում: Մնում է, որ քաղաքական առողջ ուժերը ժողովրդին պարզ եւ մատճելի լեզվով բացատրեն, թե ինչ է կատարվում: Եւ վերջապես, ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ սպասել այն իշխանությունից, որը թուլացնում է Ադրբեջանի սահմանի երկայնքով շարված հայկական գյուղերը:

Հակոբ Ասատրյան

Այս թեմայով
am