Պոմպեոն հերքել է CNN-ի հրապարակումն առ այն, որ Պետդեպարտամենտը կոնկրետ դեսպանատների չի զգուշացրել Իրանի հնարավոր հարձակման մասին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել է CNN-ի հրապարակումն առ այն, որ Պետդեպարտամենտն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից առաջ կոնկրետ դեսպանատների չի զգուշացրել Իրանի հնարավոր հարձակման մասին, գրում է ria.ru-ն:

ԱՄՆ-ն հունվարի 3-ին Իրաքում Սոլեյմանիի սպանության գործողություն է իրականացրել, ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել իրաքյան ռազմակայաններին, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի զինվորականները: Վարչակազմը Սոլեյմանիի սպանությունը բացատրել է այն հանգամանքով, որ նա «անխուսափելի» հարձակումներ էր ծրագրել ԱՄՆ դեսպանատների վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խոսքը չորս երկրներում գործող դեսպանատների մասին է, թեև Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը նախագահի այդ հայտարարությունները չի հաստատել:

Պոնպեոն հերքել է այն պնդումները, որ Պետդեպարտամենտում պաշտոնատար անձինք տեղեկացված չեն եղել դեսպանատների վրա ծրագրված հարձակման մասին:

«Մենք ոչ միայն տեղեկացրել ենք նրանց, այլև ձեռնարկել ենք լայն գործողություններ, արել ենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովենք նրանց անվտանգությունը, պատրաստվածությունը»,- հայտարարել է Պոմպեոն:

Պաշտոնյայի խոսքով՝ նրանք ոչ միայն տեղյակ են պահել դեսպաններին, այլև նրանց անհրաժեշտ ռեսուրսներ են տրամադրել, «որպեսզի հնարավոր լինի կրճատել ռիսկը ոչ միայն չորսի, այլ ամբողջ տարածաշրջանի շատ դեսպանությունների համար»:

Հարցին, թե որքանով էին «անխուսափելի» հիշյալ հարձակումները, որոնք, ենթադրաբար, ծրագրել էր Սոլեյմանին, Պոմպեոն պատասխանել է.  «Մենք գիտենք, որ նա մեկնել է Բեյրութ, Դամասկոս և Բաղդադ՝ տարածաշրջանում ամերիկացիների դեմ հարված հասցնելու ակնհայտ մտադրությամբ»:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողությունից առաջ կոնկրետ դեսպանատների չի զգուշացրել Իրանի հնարավոր հարձակման մասին:

«Պետդեպարտամենտը նախքան գործողության իրականացումը (Սոլեյմանիի սպանության) ընդհանուր նախազգուշացում է ուղարկել ԱՄՆ բոլոր դեսպանություններին, սակայն նախազգուշացումը կոնկրետ դեսպանությունների ուղղված չի եղել և զգուշացում չի արվել անխուսափելի հարձակման մասին»,- հաղորդում է հեռուստաալիքը:

 

Այս թեմայով
am