«Շարունակական նման պահվածքը ձեզ այլեւս անվստահելի գործընկեր է դարձնում». ԿԳՄՍ նախարարը՝ Կարեն Վարդանյանի մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի հայտարարությանը, թե ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը, ինչը սաբոտաժ է:

Արայիկ Հարությունյանը նշել է. «Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլեւս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համար:

ԿԳՄՍՆ հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԻՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ:

Հ.Գ. ստորեւ բերված հայտարարությունների «լրջության» մասին խոսում է այն փաստը, որ եթե 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 միլիոն դրամ, ապա 2020-ին՝ 671 միլիոն»:

Նշենք, որ Լրատվական ռադիոյին տված հարցազրույցում Կարեն Վարդանյանը նշել է, որ թեեւ 2019 թվականին «Արմաթ» լաբորատորիաներով համալրվեցին Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի բոլոր դպրոցները, որտեղ սովորում է 33+ աշակերտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, սակայն ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը. «Սա, թերևս, վարչապետ Փաշինյանի ասած սաբոտաժի դասական օրինակն է»,-նշել է նա:

 

 

Այս թեմայով
am