Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ լարվածությունն է հանգեցրել Իրանում ուկրաինական ինքնաթիռի վթարին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Իրանի շուրջ ստեղծված լարվածությունն է ուկրաինական Boeing-ի աղետի պատճառ դարձել, և դեէսկալացիայի կոչ է արել: Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է Կանադայի 57 քաղաքացի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Եթե լարվածություն չլիներ, եթե տարածաշրջանում վերջերս էսկալացիա տեղի չունենար, ապա այդ բոլոր կանադացիները հիմա տանը` իրենց ընտանիքների կողքին կլինեին»,- ասել է Թրյուդոն Global TV-ին տված հարցազրույցում: 

«Նման բան տեղի է ունենում կոնֆլիկտի և պատերազմի պայմաններում: Անմեղ մարդիկ կրում են դժվարությունների առյուծի բաժինը, և (կատարվածը) հիշեցնում է մեզ, որ անհրաժեշտ է լարված աշխատել դեէսկալացիայի համար` շարժվելով լարվածության նվազեցման և այնպիսի ուղու հայտնաբերման ուղղությամբ, որում հետագա բախումներ ու սպանություններ չեն լինի»,- հավելել է Թրյուդոն:

Ըստ նրա` տվյալ իրավիճակում Իրանից պահանջվում է  «պատասխանատվության ընդունում և փոխհատուցման ինչ-որ ձև»:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Ինչպես ավելի վաղ նշել էինք , Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:

«Հետաքննությունը կշարունակվի այս մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառների հաստատման նպատակով»,- գրել էր նա:

Նախագահը հավելել էր, որ «այս աններելի սխալի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»:

Այս թեմայով
am