Ադրբեջանում ո՛չ հայատյացության «գրադուսն» է իջել, ո´չ՝ ռազմատենչ հայտարարությունների. մեկուկես տարում ծայրահեղ աստիճանի մեծ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանում ո՛չ հայատյացության «գրադուսն» է իջել, ո´չ՝ ռազմատենչ հայտարարությունների: Այս մասին «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ նշելով, թե տեղեկատվական աղմուկի անհասկանալի տրամաբանություն է գործում:

«Մի դեպքում, չգիտես ինչու, հիշում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ինչ-որ ռազմատենչ հայտարարություն, երբ դա պետք է, իսկ երբ պետք չէ, հանրությանն Ադրբեջանից չի հասնում որևէ միլիտարիստական, սպառնացող հայտարարություն, և տպավորություն է ստեղծվում, թե այնտեղ շատ հանգիստ է մեր հանդեպ վերաբերմունքը, և իրենք էլ պատրաստվում են խաղաղության, ինչն այդպես չէ»,-ասաց Էլիբեգովան:

Նա ներկայացրեց, թե ինչ է կատարվում վերջին մեկուկես տարում քարոզչական պատերազմում՝ նշելով Գարեգին Նժդեհի դեմ հակաքարոզչության մասին:

«Գարեգին Նժդեհի շուրջ ծավալվող ադրբեջանական քարոզչական հարվածը և գրոհը բոլոր ֆրոնտներում է՝ և՛ պաշտոնական, և՛ փորձագիտական, և՛ ԶԼՄ-ների մակարդակով, և՛, ինչը ամենավտանգավորն է, արդեն անցել է պրակտիկ դաշտ: Մենք ունեցանք դեպք, երբ Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքում վանդալները պղծեցին Նժդեհի հուշատախտակը: Պետք է ֆիքսել, որ մեկ ամիս առաջ իրենք զգուշացրել են, որ դա անելու են և արեցին, որովհետև ունեին ազատ գործելու մեկ ամիս ժամանակ, և որևէ մեկն իրենց չհակադարձեց»,-ասաց Էլիբեգովան:

Նա անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի լրագրողական փոխայցերին՝ նշելով, թե ադրբեջանական կողմը կարողացավ մաքսիմալ օգուտ քաղել դրանից, իսկ հայկական կողմը վնաս կրեց:

«Նրանք եկան, հավաքեցին ադրբեջանական քարոզչության թեզերը, թե Արցախում հայերը վախենում են պատերազմից, Երևանում հետաքրքրված չեն, հասարակության մեջ պառակտում կա, և իրականության հետ որևէ աղերս չունեցող բաներ պատմեցին իրենց հասարակությանը, իսկ բուն իրականությունը մնաց կադրի հետևում: Թե դա ինչ տվեց մեզ, դժվարանում եմ ասել: Վնասը, իհարկե, մեծ է, որովհետև ադրբեջանական քարոզչությունը փաստացի կարողացավ փոխայցը մաքսիմալ օգտագործել իր շահերի համար»,-նշեց Էլիբեգովան:

Նրա խոսքով՝ մենք վերջապես մեկուկես տարի հետո կարողացանք արցախյան հարցի շուրջ բազմաթիվ խնդրանքների հետևանքով ստանալ ինչ-որ դիրքորոշում, բայց այդ դիրքորոշումը պետք է ուղղորդվի նաև քարոզչական գործունեությամբ:

Ըստ Էլիբեգովայի՝ այս փուլում անհրաժեշտ է կնքել Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության հուշագիր, որը մի շարք հարցերում առավելություն կտա:

«Առաջինը՝ ադրբեջանական քարոզչական հիմնական թեզերից մեկը վերացնելու հնարավորություն, թե ինչ գործ ունեն ՀՀ քաղաքացիները ՊԲ-ում: Երկրորդը՝ մեկուկես տարվա ընթացքում ծայրահեղ աստիճանի մեծ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը, որովհետև, երբ մենք իջեցնում ենք դիսկուրսը «Արցախը Հայաստանի մարզ է» կարգավիճակի, զրոյացնում ենք մեր շանսերը՝ որևէ կերպ միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման, բանակցային սեղանի շուրջ որպես լիարժեք անդամ վերադարձի և մի շարք այլ գործողությունների համար»,-նշեց ադրբեջանագետը:

Անդրադառնալով Արցախի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասին հարցին, ադրբեջանագետը նշեց, թե մեկուկես տարի զրոյական, բացարձակ  մարգինալ կառույցից այն արդեն դարձրին խաղացող, ինչն անթույլատրելի է: «Խաղացող, որի հետ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպում է, հաշվի է նստում, որն արդեն գնում է պաշտոնական հանդիպումների: Իրենք արդեն գործոն են, և իրենց մակարդակը չպետք է բարձրանա մեր փախստականների հարցով զբաղվող ինչ-որ ՀԿ-ի մակարդակից: Մեկուկես տարի մենք պետք է զբաղվեինք դրանով»,-ասաց նա՝ նշելով, թե մեկուկես տարին բաց է թողնվել, իսկ փոխօգնության համաձայնագիրը, Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելով, հնարավորություն կստեղծի, որ այդ կառույցը շանս չունենա որևէ ֆորմատով նստել բանակցային սեղանի շուրջ:

 

Այս թեմայով
am