Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման գործով լսումները տեղի կունենան փետրվարի 25-ին

Սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման գործով հերթական լսումները տեղի կունենան 2020 թվականի փետրվարի 25-ին: Այս մասին РИА Новости կայքին հայտնել է փաստաբան Աիտոր Մարտինեսը, որը զբաղվում է Իսպանիայում Ասանժի պաշտպանության համակարգմամբ, և նշել է, որ Ասանժի պաշտպանները հույս ունեն, որ ամերիկյան իշխանությունների հարցումը կմերժվի:

«Դեկտեմբերի 19-ին Միացյալ Թագավորության Վեսթմինսթերյան դատարանում լսումներ կանցկացվեն, բայց սովորական ընթացակարգի շրջանակում, որպեսզի ներկայացվեն ապացույցներ: Այդ լսումներին պարոն Ասանժը ներկա չի լինի: 2020 թվականի փետրվարի 25-ին տեղի կունենան արտահանձնման մասին լսումներ, որոնց ժամանակ կորոշվի՝ հանձնե՞լ պարոն Ասանժին ԱՄՆ, թե՞ ոչ: Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ի հարցումը կմերժվի»,-ասել է փաստաբանը:

Ավելի վաղ Ասանժի 80-ամյա հայրը՝ ավստրալացի Ջոն Շիպթոնը հայտարարել էր, որ ինքը վախենում է որդու՝ ԱՄՆ արտահանձնումից, որտեղ նրան սպառնում է երկարատև բանտարկություն, և կարծում է, որ որդին կմահանա բանտում:

2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել:

 

Այս թեմայով
am