Ֆրանսիայում երկաթուղային աշխատակիցներին կոչ են արել տոների ընթացքում դադարեցնել բողոքի ցույցերը, որպեսզի բնակիչները կարողանան այցելել իրենց հարազատներին

Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) ղեկավար Ժան-Պիեռ Ֆարանդուն կոչ է արել կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցեր անցկացնող երկաթուղային աշխատողներին տոների ժամանակ «դադար վերցնել», որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան Սուրբ Ծննդին այցելելու միմյանց, գրում է Figaro ամսագիրը:

Դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում տեղի են ունենում համազգային բողոքի ցույցեր՝ կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխումների դեմ, որի արդյունքում որոշ ֆրանսիացիներ, այդ թվում նաև տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ կարող են մի շարք արտոնություններից և թոշակի գնալու հատուկ պայմաններից զրկվել: Չորեքշաբթի վարչապետ Էդուար Ֆիլիպը ներկայացրել է բարեփոխումների դրույթները՝  նշելով, որ հաջորդ տարվա փետրվարին համապատասխան օրինագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

«Տոնական այդ ժամանակահատվածը կարևոր պահ է ընտանիքի հետ հանդիպման համար: Հաջորդ չորեքշաբթի (սուրբծննդյան արձակուրդների սկիզբը) մեր համաքաղաքացիներից շատերը կցանկանան այցելել իրենց ծնողներին, երեխաներին, ընկերներին: Ինչպես և ամեն  տարի, այս տարի նույնպես միլիոնավոր մարդիկ ցանկություն կհայտնեն մեկնել գնացքով: Ուստի ես դիմում եմ բոլոր երկաթուղային աշխատողներին և արհմիութենական կազմակերպություններին` կոչ անելով այդ ընթացքում միավորվել հանուն Ֆրանսիայի քաղաքացիների: Խնդրում եմ երկրում բնակիչների տեղաշարժը ապահովողներին մտածել տոների ընթացքում ցույցերը դադարեցնելու մասին»,- հայտարարել է Ֆարանդուն:

 

Այս թեմայով
am