Բացահայտվել է Նոր Խարբերդ համայնքում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը. ձերբակալվել է նույն համայնքի բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում
քննվող քրեական գործով բացահայտվել է «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ից կատարված
առանձնապես խոշոր չափերի գողությունը: Մեկ անձ ձերբակալվել է:


2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16:50-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչը
ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի
10-ի ժամը 15:00-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 11-ի ժամը 15:00-ն ընկած
ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների
գործադրմամբ, ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող «Խարբերդ ոչ
գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ի տարածք և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում
հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:


Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ- հետախուզական
միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ենթադրյալ
հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի
բնակիչներ են՝ հայր և որդի՝ ծնված 1961 և 1994թթ., համապատասխանաբար:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ 58-ամյա տղամարդու
մասնակցությամբ՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերջինիս կողմից մատնանշված վայրում
հայտնաբերվել է գողացված գումարի մեծ մասը:


Նոր Խարբերդ համայնքի 58-ամյա բնակիչը ձերբակալվել է և ցուցմունք տվել, իսկ 25-ամյա
երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի
դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված
կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս թեմայով
am