ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը վճռական քայլ է արդարությանը ծառայելու ճանապարհին. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի հանրապետություն արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։ 

«ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»,- թվիթերյան իր էջում գրել է նախարար Մնացականյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։

Բանաձևը, մասնավորապես, սահմանում է.

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով,

2) մերժել Հայոց ցեղասպանությունը կամ ցանկացած այլ ցեղասպանություն ժխտելու գործին Միացյալ Նահանգների կառավարությանը ներգրավելու ջանքերը,

3) խրախուսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի հանրայնացումն ու ուսուցանումը՝ հաշվի առնելով Միացյալ նահանգների դերը մարդասիրական աջակցություն ցույց տալու ջանքերում և Հայոց ցեղասպանության արդիականությունը մարդկության դեմ կատարվող մերօրյա հանցագործությունների համատեքստում:

Բանաձևի նախաձեռնությունը պատկանում է սենատորներ Ռոբերտ Մենենդեսին և Թեդ Քրուզին: Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում:

Այս թեմայով
am