Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները չավարտված՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին

Այսօր ընթանում է Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը: Պատրիարքի ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Չնայած նրան, որ ընտրությունը դեռևս ընթացքի մեջ է, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ընդունելով պարտությունը, իր Facebook-ի էջում շնորհավորել և բարեմաղթանք է հղել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:

Աթեշյանը մասնավորապես գրել է.

«Շնորհավորական

Ազգային պատգամավորական ժողովն այսօր ընտրում է Պոլսո Պատրիարքական աթոռի 85-րդ գահակալին: Շաբաթվա վերջին տեղի ունեցած քվեարկության հետ ուղիղ համեմատությամբ գահ կբարձրանա Բարձր. Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը վերջին շրջանում զբաղեցնում էր տեղապահի պաշտոնը, իսկ այժմ կստանձնի մեր նվիրապետական ու Սբ Աթոռի ղեկը: Այսպիսով՝ անկեղծորեն շնորհավորում ենք նորընտիր պատրիարքին, որին մաղթում ենք հաջողություններ:

Որպես Պոլսո Աթոռի հոգևորականության ամենաավագ անդամ՝ մաղթում ենք, որ այս նոր շրջանում թուրքահայ ազգային-եկեղեցական կյանքում վերահաստատվի միասնականությունն ու եղբայրությունը: Մեր աղոթքն է, որ այս դարավոր պատրիարքական աթոռի առջև բացվի նոր ծաղկուն շրջան և նրա առաքելությունն արգասավորվի նոր ձեռքբերումներով՝ ի պայծառություն մեր սուրբ եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի:

Թող Տերն անսասան պահի Պոլսո Հայոց պատրիարքությունը և իր Սուրբ Հոգին անպակաս անի մեր հավատացյալ ժողովրդից»:

 
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության առաջին փուլում Սահակ եպիսկոպոս Մաշալյանն այնքան մեծ թվով ձայներ հավաքեց, որ աշխարհական 102 պատվիրակներն ու 17 հոգևորականներն այսօր խորհրդանշական ձևով գնում և քվեարկում են Սահակ եպիսկոպոս Մաշալյանի՝ պատրիարք դառնալը պաշտոնականացնելու համար։ Tert.am–ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը»

«Այս պահին Պատրիարքանիստ Մայր տաճարում շարունակվում է ազգային պատգամավորական նիստը, պատրիարքական ընտրության գործընթացի եզրափակիչ փուլն է սա։

Նիստը բացվեց տերունական աղոթքով, որից հետո երկու եպիսկոպոսները դուրս եկան տաճարից, պատգամավորների վկայականների ստուգում տեղի ունեցավ, աղոթք արեցինք հոգելույս Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար, որից հետո սկսեց դռնփակ ժողովը, ապա դիվան ձևավորվեց, քվեարկության հանձնախումբը ձևավորվեց։ Օրակարգում պատրիարքի ընտրությունն էր և Պոլսո աթոռի նոր կրոնական ժողովի ընտրությունները»,– նշեց Գոչունյանը։

Վերջինս հավելեց նաև, որ Ժողովի ավարտին, ըստ կարգի, 2 հոգևորական և 2 աշխարհիկ պատվիրակներ նոր պատրիարքին կառաջնորդեն տաճար

«Այս անգամվա նորությունն այն էր, որ երեկոյան տաճարում «Հրաշափառի» արարողություն տեղի կունենա, այսպիսով՝ պաշտոնապես հայտնի կդառնա, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դառնում է Պոլսո 85-րդ պատրիարք»։ 

Նշենք, որ Պոլսո նորընտիր 85-րդ պատրիարքը պետք է կատարի երդման արարողություն և մատուցի անդրանիկ պատարագը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի դրությամբ Ստամբուլի հայ համայնքն ընտրել է պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11-ին պետք է ընտրեն Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքին: Պատվիրակների մեծ մասն աշխարհիկ են, մյուս մասը՝ հոգևորական:

 

Այս թեմայով
am