Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունից վրացի հինգ զինվորական է տուժել

Աֆղանստանում Բաղրամի շրջանում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով վրացի հինգ զինվորական է տուժել: Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավտոմոբիլում տեղադրված ռումբը դեկտեմբերի 11-ի առավոտյան պայթել է Փարվանի նահանգում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մերձակայքում: Բացի այդ, անհայտ անձինք հրաձգություն են սկսել: Ինչպես հայտնել է երկրում ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչը, գրոհն ուղղված էր ռազմաբազայից ոչ հեռու կառուցվող հիվանդանոցի դեմ: Նրա խոսքով՝ Աֆղանստանի եւ դաշնակիցների զինուժերը հարձակումը դիմագրավել են առանց կորուստների:

«Հարձակման հետեւանքով աննշան չափով տուժել են վրացի հինգ զինվորականներ: Նրանց հոսպիտալացում չի պահանջվել»,-ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Պաշտպանական ուժերի վարչության վրացական կենտրոնն աշխատում է արտակարգ ռեժիմով: Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին եւ պաշտպանական ուժերի հրամանատար Վլադիմիր Չաչիբայան հետեւում են իրադարձությունների զարգացմանը:

Պայթյունի հետեւանքով վնասվել ու ավերվել են շենքեր: Զոհվել է առնվազն մեկ մարդ, տուժածների թիվը հասել է 62-ի, ինչի մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


 

 

 

Այս թեմայով
am