«ՀՀԿ պատգամավորներից երկուսն ինձ ասացին հետևյալը՝ ոչինչ, քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցիք, հիմա դուք եք մեզ թերագնահատում». Ալեն Սիմոնյան

Այսօր դատական համակարգում խնդիր կա և այդ պատճառով դատական համակարգի գերակշիռ մասը ենթակա է վերանայման: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ երբ փոխվեց իշխանությունը, խնդիր առաջացավ օրենսդիր մարմնի հետ, ապա հիշեցրեց անցած տարվա հոկտեմբերի 2-ի դեպքերը, երբ այն ժամանակվա ԱԺ պատգամավորները արտահերթ նիստ էին գումարել: Հիշեցնենք, որ դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոցում ազատեց ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին:

«Ուզում եմ գաղտնիք բացել, հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ ԱԺ բակում տեղի էր ունենում պառլամենտի 100-ամյակին նվիրված տոնակատարություն, ես նույնպես հրավիրված էի, այնտեղ ՀՀԿ պատգամավորներից երկուսն ինձ ասացին հետևյալը՝ ոչինչ, քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցիք, հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք՝ մի քանի օր անց ինչ կլինի: Ես այդ ժամանակ չհասկացա ինչ էր ասվում, հետո տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը, որի ժամանակ փորձ կատարվեց կանգնեցնել այն ամենը, ինչ սկսվել էր Հայաստանում»,- ասաց Սիմոնյանը և հավելեց, որ հիմա կա դատական համակարգի խնդիր, և դա փաստ է:

Ըստ նրա՝ դա փաստում են ոչ միայն իշխանությունները, այլ դրա մասին խոսում են բոլորը.

 «Բայց երբ լուծում տալու ուղղությամբ քայլ է արվում, շահարկվում է այն բանը, որ իշխանությունը փորձում է ձևավորել դատական իշխանություն, որը իրեն հարմար կլինի: Եթե նման քայլի գնալու լինեինք, այդ համակարգը ի սկզբանե էր ստեղծվել սպասարկելու համար, այդ համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանության պահանջները, իշխանությունը դրանից հրաժարվել է: Մենք ուզում ենք ձևավորել դատական համակարգ, որը կգործի անկախ՝ որպես իշխանության երրորդ ճյուղ: Սա է իրողությունը, և որևէ ավել բան այդ ամենի մեջ չկա ու չի կարող լինել»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության դիտարկմանը, որ անպարկեշտ հանգամանք է, երբ մարդուն ուղարկում ես թոշակի ժամանակից շուտ, Սիմոնյանն ասաց, որ որևիցե անպարկեշտ բան չի տեսնում այն բանի մեջ, որ մարդը ինքնաբացարկ հայտնի և հեռանա:

«Դա հնարավորություն է այս իրավիճակից դուրս գալու»,- ասաց նա:

Հարցին էլ, եթե որևէ դատավոր չընդունի առաջարկը ի՞նչ է լինելու, Սիմոնյանն ասաց, որ բոլորը, այդ թվում նաև միջազգային կառույցները ֆիքսել են, կա խնդիր. «Եվ սա մեկնված ձեռք է բոլորին: Հիմա կա կոնկրետ մեկնված ձեռք, թե ով կսեղմի այդ ձեռքը, ես չգիտեմ: Ի՞նչ է լինելու, որևիցե կատաստորֆիկ բան չի լինելու, մեկնելու ենք մյուս ձեռքը: Թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, թե մենք նստած մտածում ենք՝ բա էսօր ի՞նչ անենք, որ այդ հարցը լուծվի, որովհետև այդ հարցը էսպես թե էնպես լուծվելու է. հավատացե՛ք, դա մեր օրակարգի խնդիրների մեջ նույնիսկ առաջին տասնյակի մեջ չէ»,- նշեց նա:

Սիմոնյանը հավելեց՝ կտեսնեն այստեղ ինչ է կատարվում, նոր կգնան առաջ: Նա ընդգծեց, որ կարևորն այն է, որ ՀՀ-ն և քաղաքացիներին ցնցումների չենթարկեն:

 

Այս թեմայով
am