«Սահմանադրական օրենքի փոփոխությունն անցանկալի անդամներից ձերբազատվելու, հլու-հնազանդ դատավարներով ՍԴ-ն համալրելու նպատակ է հետապնդում». Իվետա Տոնոյան

Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն անդրադարձան Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում կատարվող փոփոխությանը, որին իրենք դեմ են քվեարկել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ վերապահում ունեն Սահմանադրական դատարանի անդամների աշխատանքի հետ կապված, բայց խոսքն այստեղ դրա մասին չէ: Նա նշեց, որ իրենք ներկայացրել են, թե ինչու է ԲՀԿ-ն դեմ այդ նախագծին:

«Մեզ համար անընդունելի է այն հանգամանքը, որ իրենց-իսկ ձևակերպմամբ՝ հանրության վստահությունը չվայելող դատավորներին փառահեղ թոշակի են ուղարկում հարկատուների հաշվին` հատկացնելով շուրջ 700 միլիոն դրամ: Պարզից էլ պարզ է, թե սա ինչ նպատակ է հետապնդում. ընդամենը անցանկալի անդամներից ձերբազատվելու, հլու-հնազանդ, խոնարհ և ցանկալի դատավորներով իրենց ՍԴ-ն համալրելու նպատակ է հետապնդում, դրա համար էլ դեմ ենք եղել»,-ասաց նա:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենք անձի խնդիր չեն լուծում, քանի որ Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ են քվեարկել: «Իրենք իրենց ձեռքով մատնում են իրենց. ասում են, որ քաղաքական խնդիր է լուծվում, դա ասել է ինքնահռչակ, տխրահռչակ Սահմանադրական դատարանի նախագահ կոչեցյալը և փոխվարչապետ Ավինյանը: Մի երկրում, որտեղ Սահմանադրական դատարանը ձևավորվում և վերահսկվում է քաղաքական շարժառիթներով, խողովակներով, այդ երկիրը ոչ կարող է բարեկեցիկ ներկա ունենալ, ոչ էլ հուսալի ապագա»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանն ասաց, որ այսօր էլ ինչ խոսում են, իշխանություններն ասում են, թե մանիպուլյացիա եք անում. « Մենք վստահ ենք, որ Սահմանադրական դատարանի այս կազմը ձեռնտու չէ գործող իշխանությանը, որովհետև այս կազմի պայմաններում հնարավոր չէ ի կատար ածել այնպիսի ցանկություններ, ինչպիսիք, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է: Ես գիտեմ, ելույթիցս հետո ֆեյքերը իրենց երեկոյան ժամանակը ծախսելու են ինձ հայհոյելու համար, բայց դա ինձ այնքան է հետարքրքում, որքան թռչնագրիպի վարակը Մովսես Խորենացուն կարող էր հուզել»,-ասաց նա և նշեց, որ մեր խնդիրը թշնամական մթնոլորտից վերանալն է:

«Բոլոր ատյաններն ուզում են իրենցով անեն, միակ անառիկ ատյանը, որը մնացել է` Սահմանադրական դատարանն է և եթե դա էլ իրենցով անեն, երկրում չի լինի մի ատյան, որը իշխանությանը հնազանդը չլինի»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ փոփոխությունների՝ նախատեսվում էր, որ եթե Սահմանադրական դատարանի դատավորը հրաժարական ներկայացնի, ապա մինչև պաշտոնավարման ժամկետը կշարունակի ստանալ իր աշխատավարձը, հավելավճարները, ինչպես նաև օգտվել տրված սոցիալական երաշխիքներից։

 

Այս թեմայով
am