‹‹Եթե նման ծրագրեր հաճախ լինեն Հայաստանում, ապա վստահ եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք կունենանք բարձր մակարդակի ֆուտբոլ››. Լևոն Ղասաբօղլյան

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել էր մանկապատանեկան ֆուտբոլային ճամբար՝ ‹‹Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք››, ‹‹Bsports›› պորտուգալական ակադեմիայի կողմից:

Անցակցվել են մեկշաբաթյա մարզումներ, որին մասնակցել են 9-ից մինչև 16 տարեկան ֆուտբոլիստներ: Նրանց մարզել են Պորտուգալիայից ժամանած մասնագետներ: Ծրագրի վերջում ֆուտբոլիստներից 2-ը մեկ ամիս մարզվելու են Պորտուգալիայի ‹‹Bsports›› ակադեմիայում:

«Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» զարգացման ճամբարի նախագծի, մեկշաբաթյա մարզումների, ֆուտբոլիստների մարզավիճակի և այլնի շուրջ MegaNews.am-ը զրուցեց «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կազմկոմիտեի անդամ, պորտուգալական «Bsports» ակադեմիայի հայկական պատվիրակության ղեկավար Լևոն Ղասաբօղլյանի հետ:

-Ինչպե՞ս ստացվեց ‹‹Bsports›› ակադեմիայի հետ համագործակցությունը:

-Ակադեմիայի հետ համագործակցությունը Ղազախստանում է տեղի ունեցել. նրանք, եկել էին Ղազախստան, ինձ հրավիրեցին և ես այնտեղ այս նախագծով զբաղվեցի, որը շատ լավ ստացվեց: Դրանից հետո նրանց կողմից առաջարկ եղավ, որ Հայաստանում նույնպես այն անցկացվի, և ես դարձա  «Bsports» ակադեմիայի հայկական պատվիրակության ղեկավարը:

-Ո՞րն է նախագծի հիմնական նպատակը:

-Նպատակն է գտնել տաղանդավոր երեխաների: «Bsports» ակադեմիայում տարբեր երկրներից եկած երեխաներ են մարզվում՝ վճարովի հիմունքներով, սակայն այս ծրագիրը հնարավորություն է տալիս իրենց լավագույնս դրսևորած 2 երեխաների մեկ ամիս անվճար մարզվել ակադեմիայում պրոֆեսիոնալ մասնագետների հետ:

-Ընդունելության ժամանակ եղե՞լ են սահմանափակումներ:

-Մասնակցում էին 25 երեխաներ, սահմանափակում չի եղել, չնայած նրան, որ մենք մտածում էինք, որ դժվար է լինելու, քանի որ առաջին անգամ էր այն անցկացվում Հայաստանում, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ լավ անցավ, ծրագրի մասին բոլոր կարծիքները միայն դրական էին:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ‹‹Փյունիկ›› ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին՝ ‹‹Փյունիկի›› դաշտը մեզ տրամադրելու և այլ խնդիրներում աջակցելու համար:

-Մեկշաբաթյա մարզումնեը նման մասնագետների հետ, ի՞նչ տվեցին ֆուտբոլիստներին:

-7 օրվա մարզումներից հետո, վերջին օրը խաղից հետո, երբ ծնողները մոտեցան մեզ, մի տեսակ հաճելի զարմանքով ասացին՝ կարող է դուք ‹‹ֆոկուզնիկ›› եք, այսինքն 7 օրվա ընթացքում նրանք  տեսան տարբերությունը: Ես երբևէ Հայաստանում նման բան չեմ տեսել, որ այդքան ոգևորության արժանանա: Եթե նման ծրագրեր հաճախ լինեն մեզ մոտ, ապա  վստահ եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք կունենանք բարձր մակարդակի ֆուտբոլ: Մեր նպատակը մանկապատանեկան ֆուտբոլն առաջ տանելն է և այսօր այդ հնարավորությունները կան, այդ ռեսուրսները ես ունեմ:

Պեդրո Լեյտիսի նման մասնագետին բերել Հայաստան, այդքան էլ հեշտ չէ, որովհետև նա հինգ տարի եղել է ‹‹Բարսելոնա›› ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի գործադիր տնօրենը, հետո դարձել է ‹‹Յուվենտուսի›› մանկապատանեկան ֆուտբոլի գործադիր տնօրեն և հետո նա գալիս է Հայաստան:

Ասեմ, որ շատ հայ մարզիչներ կարող էին գալ, լինել նրա կողքին, լինել մեզ հետ, սակայն ցավոք սրտի եզակի դեպքեր եղան, դրա համար էլ մենք այժմ ունենք այն, ինչ-որ ունենք:

-Ի վերջո, ո՞ր ֆուտբոլիստները կմեկնեն Պորտուգալիա և ի՞նչ հիմունքներով նրանց ընտրեցին: 

-Մենք ընտրել ենք չորս ֆուտբոլիստների՝ երկուսը ‹‹Փյունիկի››, երկուսը՝ ‹‹Ուրարտուի›› սաներ, նրանց տվյալները ուղարկվել է Պորտուգալիա, նրանք մոտ օրերս կհրապարակեն երկուսի անունը, անկեղծ ասած ես ամեն ինչ անում եմ, որ չորսն էլ գնան, բայց չգիտեմ այնտեղից արձագանքը ինչպես կլինի:

Հաշվի է առնվել երեխաների ֆուտբոլային հոգեբանությունը, հմտությունները, վարքագիծը:

-Առաջին անգամ էր նման նախագիծ անցկացվում Հայաստանում, այն շարունակակա՞ն է լինելու:

-Շատ շատերն են ցանկանում, որ այս ծրագիրը շարունակվի: Ես ինքս էլ բազմիցս ասել եմ, որ անկախ նրանից, թե ես որտեղ կբնակվեմ, եթե ես ի զորու եմ իմ միջոցներն օգտագործել ի նպաստ հայկական ֆուտբոլի, միանշանակ օգտագործելու եմ:

Մենք պլանավորում ենք արդեն մարտին, նորից անցկացնել այս ծրագիրը:

Աննա Բզնունի

 

 

Այս թեմայով
am