Բակո Սահակյանը ուղերձ է հղել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ դեկտեմբերի 10-ին, շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ արցախցիներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ պետական կարեւորագույն տոնի՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:

Թե՛ 1991 թվականին եւ թե՛ 2006 թվականին այս օրը մեր ժողովուրդը կատարեց պատմական ընտրություն՝ իր ձայնը տալով՝ հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու անսասան որոշման:

Մեր պետականաշինության ճանապարհին կարեւոր քայլ էր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը, որի հիմքում մարդն է, նրա իրավունքների, ազատությունների ու շահերի պաշտպանությունը: Սրանք համամարդկային արժեքներ են, որոնք կարեւոր են քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար:

Եվ արդեն 28 տարի է՝ մենք ընթանում ենք այս ճանապարհով՝ օր օրի զարգացնելով ու զորացնելով մեր երկիրը, ամրապնդելով պետականության հիմքերն ու ժողովրդի անվտանգությունը, բարելավելով մարդկանց կենսապայմանները: Սա բարդ ու անհարթ ճանապարհ է, որը մեր ժողովուրդն անցնում է պատվով ու արժանապատվությամբ՝ անձնվիրաբար հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ՝ ի փառս Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի»:

Այս թեմայով
am