Մնացականյանը շնորհավորեց իր ալբանացի գործընկերոջը՝ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու առիթով

Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակային:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Ալբանիայի իր գործընկերոջը՝ ԵԱՀԿ նախագահության առաջիկա ստանձնման կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը ալբանական նախագահության առաջնահերթություններին:

ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության  առջեւ ծառացած խնդիրների եւ դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումները՝ վերահաստատելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին ունեցած իր ելույթում:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ալբանիայի հետ տարբեր մակարդակներում եւ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմանը: Երկուստեք ընդգծվեց, որ Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ առկա է համագործակցության խթանման մեծ ներուժ, եւ անհրաժեշտ է համատեղ ջանքերով աշխատել այն լիարժեք օգտագործելու ուղղությամբ: Ուրվագծվեցին երկկողմ օրակարգի հարստացման եւ քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

 

Այս թեմայով
am