Հունաստանը վտարում է Լիբիայի դեսպանին

Հունաստանը, զայրացած Լիբիայի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրից, որը ստորագրվել է նոյեմբերի 27-ին, երկրից վտարում է Լիբիայի դեսպանին։

Դեսպան Մոհամեդ Յունիս Ա.Բ. Մենֆին տրվել է 72 ժամ երկրից հեռանալու համար։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։ Նա թուրք-լիբիական համաձայնագիրն անվանել է «միջազգային իրավունքի աղաղակող խախտում», տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ դեսպանի վտարումը չի նշանակում, թե Հունաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Լիբիայի հետ։

Թուրքիան եւ Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը ստորագրել են համաձայնագիր, որով սահմանվում են նրանց սահմանները, եւ համաձայնագիր անվտանգության եւ ռազմական համագործակցության ընդլայնման մասին։

Հունաստանը համաձայնագիրն անվանել է անհեթեթություն, որովհետեւ այն անտեսել է Կրետեի ներկայությունը Թուրքիայի եւ Լիբիայի ափերի միջեւ։

Հունաստանը եւ Թուրքիան տարաձայնություններ ունեն մի շարք հարցերում՝ Էգեյան ծովի հատակի հանդեպ իրավունքից մինչեւ էթնիկապես պառակտված Կիպրոս։ Լարվածությունը խորանում է նաեւ Կիպրոսի ափերին թուրքական հորատումների պատճառով։

 

Այս թեմայով
am