‹‹Պարտիզանական պայքարի մասին հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են››. Լիլիթ Մակունց

Պարտիզանական պայքարի մասին հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՅԴ-ականների հայտարարություններին:

«Պարտիզանական «ջոկատների» հայտարարությունը, իհարկե, ցնցել է շատերիս և նման բաց տեքստով նման հանձնարարականները առնվազն տարակուսանք են առաջացնում: Այն առանձին անձինք, ովքեր արատավորում են «Դաշնակցություն» կուսակցության անունը, հենց «Դաշնակցությունն» ինքը ներսից միջոցներ պետք է ձեռնարկի նման դրսևորումները, երևույթները կանխելու համար և թույլ չտալ հակապետական գործունեություն ծավալել»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Դիտարկմանը, որ Հրանտ Մարգարյանն է ՀՅԴ գաղտնի ժողովին նման հայտարարություն արել, իրեն եք համարում հակապետական գործիչ, Լիլիթ Մակունցը նշեց.

«Ես համարում եմ, որ բոլոր հայտարարությունները, որոնք միտված են հակապետական գործողություններին, այդ հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են»:

Նրա կարծիքով՝ իրավապահ մարմինները և Ազգային անվտանգության ծառայությունը ցանկացած վտանգի դեպքում միջոցներ կձեռնարկի և անհրաժեշտ բոլոր գործողությունները կձեռնարկի:

«Այլ հարց է, որ այստեղ նաև «Դաշնակցություն» կուսակցության ընդհանուր հեղինակության արատավորումն է և նսեմացումը: Իսկ «Դաշնակցությունում»՝ հանձինս երիտասարդների, մենք տեսանք, որ բավականին ազնիվ և պարկեշտ անձինք կան»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

 

Այս թեմայով
am