‹‹Թբիլիսիի հետ եք համեմատվում․ մասնավոր սեկտորները այնտեղ «ԿամԱզ» չեն նվիրում, տոնածառ են նվիրում, որը շատ ավելի ընդունելի է››․ Հռիփսիմե Առաքելյան

Այսօրվա Հայաստանում նման ճոխություններ  թույլ տալու կարիք իրականում մենք չունենք։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի ամանորյա ծախսերի ծրագրին։

Նրա համար անհասկանալի է, թե ինչու են համեմատվում ուրիշ երկրների քաղաքների հետ։

«Դե, մեր հարևան Թբիլիսիում լուսավորությունը այսպես է, այնպես է, հարևան Թբիլիսին այսքան տոնածառ ունի, մենք այսքան տոնածառ ունենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե համեմատենք, Թբիլիսիի զբոսաշրջության ոլորտում մեծ բում է, հույս հայտնեց, որ այդ բումը Երևանում էլ կլինի, սակայն ասաց.

 «Մենք պետք է «վերմակը մեր ոտքերի գյորա պարզենք»։ Հիմա ես բացում ու նայում եմ այն պրոյեկտը, որը արվում է Թբիլիսիում, նույնականացվել է Երևանի վրա»։

«Չեմ հասկանում՝ մենք գաղափարների, իդեաների, նորարարության գեներացման խնդիր ունե՞նք։ Մեկ ուրիշ քաղաքի լուծումները փորձում ենք Երևանում իրականացնել»,- ասաց նա և հավելեց, որ այն, ինչ Ամանորին Թբիլիսիում պետք է տեղի ունենա, նույնությամբ արվում է մեզ մոտ։

«Դե, որ իրենք այնտեղ անում են՝ մենք ո՞ւմից ենք վատը։ Եկե՛ք, մենք էլ սա անենք, եկե՛ք, մենք էլ  տոնածառեր դնենք, եկե՛ք մենք  էլ լույսերը շատացնենք ու եկեք գնանք Կառավարությանը ասենք՝ փող տվեք, որ մեր ծախսերը հոգանք»,- նշեց Առաքելյանը։

Նա նաև դիտարկեց, որ Թբիլիսիի քաղաքապետը ամանորյա միջոցառումների համար մասնավոր սեկտորի է ներգրավել, որն անմիջապես մասնակցում է միջոցառումներին՝ տարբեր նվիրատվություններով։

«Պարոն քաղաքապետ, «ԿամԱզ» չեն նվիրում, մի երկու  տոնածառ են նվիրում, որը շատ ավելի ընդունելի է»,- ասաց ավագանու անդամը և նկատելով ավագանու մյուս անդամների արձագանքը, ասաց «Ինչի՞ եք ծիծաղում, ամեն ինչից հետո ծիծաղում։ Չեք հասկանո՞ւմ, որ այստեղ իսկապես ճշմարտություններ կան»։

 

Այս թեմայով
am