‹‹Վարչապետի տիկնոջ արած հայտարարությունը անլրջություն էր››. Ստեփան Դանիելյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի արած հայտարարությունը, որով նա Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային հրավիրում էր Արցախ մուղամ լսելու, մեծ արձագանք է գտել համացանցում և շատերի համար քննարկման առարկա է դարձել:

Այս թեմայի շուրջ MegaNews.am-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

‹‹Այստեղ մի քանի հարթության մեջ գտնվող խնդիրներ կան: Առաջինը՝ Աննա Հակոբյանն ընդամենը վարչապետի կինն է, իսկ Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի փոխնախագահն է, այսինքն կարգավիճակների խնդիր կա, և չի կարող վարչապետի կինը հրավիրել Ադրբեջանի փոխնախագահին:

Երկրորդ և ամենալուրջ խնդիրը, Աննա Հակոբյանը պատասխանել է մի ֆեյք հայտարարության, որովհետև այդ ալիքը Մեհրիբան Ալևային չի պատկանել, և արել է քաղաքական հայտարարություն: Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանը որպես պետություն իր նորմատիվային փաստերի ստուգման հետ կապված մեխանիզմներ ունի՞, թե չունի: Այսինքն օրինակ 15 տարեկան երեխան կարող է կեղծ գրառում անել և Հայաստանի ամբողջ արտաքին քաղաքականությունը խառնել:

Հաջորդ հարցը՝ արդյոք նման հայտարարություն անելուց առաջ տիկին Հակոբյանը խորհրդակցե՞լ է  Արտաքին գործերի նախարարության հետ, կամ Աննա Հակոբյանը իրավունք ունի՞ Արցախ ինչ-որ մեկին հրավիրի, թե՞ դա կարող էր անել Արցախից որևէ պաշտոնյա: Արդյոք այդ հրավերը որոշակի խնդիրներ չի առաջացնի բանակցային գործընթացներում, և սա արդյոք չի կարող խնդիր առաջացնել այն հարցում, երբ ասվում է, որ Արցախն է որոշում իր ճակատագիրը: Այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ շատ լուրջ խնդիրներ են առաջանում, և իմ կարծիքով այդ հայտարարությունը անլրջություն էր››,- ասաց Ստեփան Դանիելյանը:

Աննա Բզնունի

 

 

Այս թեմայով
am